Ճապոնիայի դեսպանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել

31 Հոկտեմբերի 2023, 10:17

Բոլոր

Հոկտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ բարձրորեն գնահատելով վերջինիս ներդրած ջանքերն ի նպաստ երկու երկրների միջև սերտ փոխգործակցության և Մայր Աթոռի ու Ճապոնիայի մշակութային կառույցների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարել է նաև արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին, հայրենազրկված արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, գերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային արժեքների պահպանության խնդիրներին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր լավատեսական ոգով, զորեղ հավատքով, ինչպես և բարեկամ երկրների ու միջազգային  հանրության գործուն աջակցությամբ կհաղթահարի առկա փորձությունները։

Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև իր շնորհակալությունը հայտնել է այս դժվարին իրավիճակում Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված զորակցության համար:

Իր հերթին դեսպան Ֆուկուշիման անդրադարձել է Հայաստանում իր ծառայության տարիների ընթացքում ստացած տպավորություններին՝ բարձր գնահատելով հայ ժողովրդի հյուրընկալությունը և հոգևոր-մշակութային ժառանգության յուրօրինակությունը:

Ճապոնիայի դեսպանը նաև իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Նորին Սրբությանը արցախյան պատերազմի զոհերի ու տեղահանված արցախցիների առնչությամբ։