Չավուշօղլուն Քըլըչդարօղլուին մեղադրել է Հայաստանին հաճոյանալու փորձի մեջ

28 Մայիսի 2023, 09:20

Քաղաքականություն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ և նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին մեղադրել է Հայաստանին և Արևմուտքին հաճոյանալու փորձի մեջ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Քըլըչդարօղլուի վերջին հայտարարություններին, թե դեպի Չինաստան տրանսպորտային երթուղին պետք է անցնի ոչ թե Ադրբեջանով, այլ Իրանով։

«Ի՞նչ իմաստ ունի ոտնահարել Ադրբեջանի շահերը. Հայաստանին կամ արևմտյան երկրներին հաճոյանալու համա՞ր է: Մենք քաջատեղյակ ենք այն ուժերի նպատակներին, որոնք ձգտում են մեկուսացնել եղբայրական Ադրբեջանը»,- մեջբերում է ԱԳ նախարարի խոսքը Anadolu-ն:

Չավուշօղլուն նաև հայտարարել է թյուրքական պետությունների կազմակերպության հարթակի կարևորության մասին, որն ուժ և վստահություն է հաղորդում թյուրքալեզու երկրներին։

Նշենք, որ մայիսի սկզբին ընդդիմադիր ուժի ղեկավարի հայտարարությունը բուռն վրդովմունք էր առաջացրել ոչ միայն թուրքական իշխող վերնախավի շրջանում, այլև հենց Ադրբեջանում։ Այդ երկրի նախագահը (Իլհամ Ալիևը) հայտարարել է, որ ցավոք այսօր էլ կան մարդիկ, որոնք փորձում են Ադրբեջանին դուրս թողնել այս ռազմավարական նախագծից, բայց նրանց ցանկությունները չեն իրականանում։

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 28-ին։

Հիմա եթերում