Չայկովսկու անվան 17-րդ երաժշտական մրցույթի դափնեկիր Իլյա Պապոյանը հոկտեմբերին ելույթ կունենա Հայաստանում

04 Հուլիսի 2023, 17:17

Հայեր | Մշակույթ

Պ.Ի. Չայկովսկու անվան 17-րդ միջազգային երաժշտական մրցույթի դափնեկիր, դաշնակահար Իլյա Պապոյանը Alpha News-ի հետ զրույցում կիսվել է անցած մրցույթի մասին իր տպավորություններով և պատմել մոտ ապագայի ծրագրերի մասին:

Պապոյանը նշում է, որ աշխարհում տիրող քաղաքական իրավիճակը որևէ կերպ չազդեց մրցույթի կազմակերպման և մասնակիցների մակարդակի վրա: «Մրցույթը շատ լավ էր կազմակերպված, մասնակիցների մակարդակը լուրջ էր, իսկ ժյուրիի անդամները շատ ճիշտ էին ընտրված։ Այնպես որ, չեմ կարծում, թե քաղաքական իրավիճակն ինչ-որ կերպ ազդել է դրա վրա» — նշել է դաշնակահարը։

Նա պատմել է, թե ինչն է իրեն մոտիվացնում կյանքում. «Ինձ կարող է մոտիվացնել, ավելի շուտ ՝ ոգեշնչել կյանքի որևէ իրավիճակ, կամ կարող են լինել հույզեր, և պարտադիր չէ, որ դրական լինեն կամ էլ, օրինակ, բնությունը՝ Լենինգրադի մարզի: Երբեմն հանգստանալու համար ես մեկնում եմ ամառանոց: Դա, նախ հանգստացնող է, հետո՝ ոգեշնչող»։

Իլյա Պապոյանը պատմել է, որ վերջին անգամ Հայաստանում եղել է մեկ տարեկանում, բայց արդեն այս աշնանը Երևանում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի վաստակավոր կոլեկտիվի հետ՝ մաեստրո Նիկոլայ Ալեքսեևի ղեկավարությամբ: «Ես ելույթ կունենամ Հայաստանում, իմ կարծիքով, հոկտեմբերի 11-ին կամ 12-ին Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի վաստակավոր կոլեկտիվի հետ ՝ մաեստրո Նիկոլայ Ալեքսեեւի ղեկավարությամբ։ Մենք կկատարենք Ռախմանինովի երկրորդ համերգը, այնպես որ, ես բոլորին հրավիրում եմ»,- ասել է դաշնակահարը ։

Սիրված հայ կոմպոզիտորի մասին հարցին Պապոյանն առանց վարանելու նշել է մեծն Արամ Խաչատրյանի անունը։ Դաշնակահարը պատմել է, որ կոմպոզիտորի դաշնամուրային կոնցերտը սովորել է ընդամենը մեկ շաբաթում։ «Նա մեծագույն և հանճարեղ կոմպոզիտորներից մեկն է։ Ես ժամանակին սովորել եմ նրա դաշնամուրային կոնցերտը։ Դա, հավանաբար, 5-6 տարի առաջ էր: Այդ պահից ես անհավատալիորեն սիրահարվեցի նրան և նրա երաժշտությանը», — խոստովանել է Պապոյանը։

Հիմա եթերում