Չե՛նք կարող լուռ մնալ, համայնքը պետք է օգնի Արցախին. Արտաշես Քասախյանը՝ գլենդելահայերի նախաձեռնության մասին

08 Սեպտեմբերի 2023, 23:30

Քաղաքականություն

Երբ տեսանք, որ Ֆրանսիայի մի շարք քաղաքներ հումանիտար օգնություն են ուղարկում Արցախ, հարց առաջացավ՝ ինչու՞ Գլենդելում չենք անում նույնը, մանավանդ, որ Գլենդելն ու Մարտունին քույր քաղաքներ են ճանաչվել: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանը՝ անդրադառնալով Գլենդելի որոշմանը՝ Արցախ հումանիտար օգնություն ուղարկել:

«Ինչպես Ֆրանսիայի շատ քաղաքներ սկսեցին դա անել, հարց առաջացավ, թե ինչո՞ւ Գլենդելում նույնը չի արվում, մանավանդ, որ մենք ունենք քույր քաղաք հարաբերություն Մարտունու հետ: Խոսակցություն ունեցանք, թե ինչպե՞ս կարող ենք օգնություն ուղարկել, բայց դրանից հետո բլոկադան սկսվեց Ադրբեջանի կողմից: Երբ սկսեցինք այս հարցը քննարկել, որոշեցինք՝ մենք չենք կարող լուռ մնալ, համայնքը ինչ-որ կերպ պետք է օգնի Արցախին»,- պատմել է Քասախյանը:

Նա խոսել է նաև հումանիտար օգնությունը Արցախ ուղարկելու դժվարությունների մասին, շեշտել, որ փակ է Լաչինի միջանցքը, ինչի պատճառով, օրինակ, ֆրանսիական օգնությունը դեռ կանգնած է սահմանին.

«Դժվար է ասել, որ օգնություն ենք կարողանում ուղարկել Արցախ, տեսնում ենք՝ մեքենաները կանգնած են սահմանին, չեն կարողանում մտնել Արցախ, կամ նույնիսկ չեն կարողանում Լաչինի միջանցքը օգտագործել, որովհետև ճնշում կա, որ Աղդամով գնան: Մենք որոշեցինք՝ մի բան պետք է արվի: Այն, որ Գլենդելը Մարտունու հետ ունի քույր քաղաք հարաբերությունը, բավական է, որ ինչ-որ բան փորձենք անել Արցախի համար: Հիմա այս գումարները հավաքելով՝ պիտի որոշվի, թե ինչպե՞ս կարող ենք օգտագործել հումանիտար օգնության համար՝ դեղերի, ուտելիքի»,- եզրափակել է Արտաշես Քասախյանը: