Չեմ բացառում՝ լուրջ խնդիրներ ունենք քաղաքական էլիտայի վճռականությունը բռունցքի մեջ պահելու․ Աշոտ Ղուլյան
26 Օգոստոսի 2023, 13:40
Քաղաքական էլիտայի գերակշռող մասը շարունակում է հետեւել ազատագրական պայքարի արժեքներին, բայց չեմ ուզում բացառել, որ մենք այսօր լուրջ խնդիրներ ունենք այդ նույն էլիտայի կամքը, վճռականությունը մեկ բռունցքի մեջ պահելու։ Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ, նախկին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ մենկաբանելով հարցը, թե քաղաքական էլիտան պատրա՞ստ է մարդկանց առաջնորդել ու նրանց կամքը կյանքի կոչել՝ Արցախը Ադրբեջանի կազմում չթողնելով։
«Դժվար է քաղաքական էլիտայի գործունեությանը միանշանակ գնահատականի արժանացնել։ Գիտեք, հենց այդ տարբերություններից է, որ այսօր Արցախում մի քանի շարժումներ կան, դրանցից մեկը «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատն» է, որը համակարգում է Ռուբեն Վարդանյանը։ Ես վատ բան չեմ տեսնում, երբ մարդիկ փորձում են հանրային քաղաքական ակտիվությունը կենտրոնացնել ինստիտուցիոնալ առումով։
Բայց մենք պետք է հասկանանք, որ այն իրավիճակում, որում մենք ենք հայտնվել՝ մի քանի լուծումներ չկան։ Ինչքան էլ մենք փորձենք հանրային ակտիվությամբ այսօրվա իրավիճակին համարժեք արձագանքել, միեւնույն է՝ պետությունը հենց նրա համար է, որ նման իրավիճակներում մարդկանց անհանգստացնող հարցերին պատասխաններ գտնի։
Կարծում եմ՝ այստեղ մեծ հաշվով քաղաքական էլիտայի գերակշռող մասը շարունակում է հետեւել մեր ազատագրական պայքարի արժեքներին, որոնք 1988 թ․-ից է գալիս ու թույլ է տվել անցած տարնեին դիմակայել բոլոր մարտահրավերներին։ Բայց չեմ ուզում բացառել, որ մենք այսօր լուրջ խնդիրներ ունենք այդ նույն էլիտայի կամքը, վճռականությունը հավաքված բռունցքի մեջ պահելու։ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» շարժումը հենց այդ նույն նպատակն է հետապնդում, որովհետեւ բոլորս խոսում ենք համախմբման մասին, բայց երբ հերթը հասնում է, որ մենք ինչ-որ բան պետք է զիջենք, որպեսզի հասնենք այս հավաքական միասնականությանը, ամեն մեկս սկսում ենք մտածել մեր քաղաքական յուրահատկությունների մասին։ Արցախում պետք է հստակեցնենք, թե ինչ է նշանակում պայքարել»,- ասել է Աշոտ Ղուլյանը։
Նախկին պաշտոնյան դրական է գնահատել սփյուռքահայերի ակտիվությունն՝ իրենց երկրներում Արցախի հարցը բարձրացնելուն ուղղված։ Նրա խոսքով՝ այսօր արցախցուն ոգեւորում են հենց այդ բողոքի ալիքները, որոնք գուցե դանդաղ, բայց նրա համոզմամբ՝ ազդում են Ադրբեջանի եւ քաղաքական մյուս դերակատարների հարաբերությունների վրա։