Չեմ ցանկանում, որ Ֆրանսիան իր անգործությամբ լինի Արցախի հայերի ցեղասպանության հանցակիցը. Ֆրանսուա Դևեջյան

05 Հունիսի 2023, 12:20

Կարծիք

Ֆրանսիայում հունիսի 4-ին հայ համայնքը հավաք էր իրականացրել Փարիզի Տրոկադերո հրապարակում՝ հանուն Արցախի ինքնիշխանության և անվտանգության:

Ֆրանսիայի Օ-դը-Սեն շրջանի նախկին ղեկավար, լուսահոգի Պատրիկ Դևեջյանի որդին՝ իրավաբան Ֆրանսուա Դևեջյանը, նույնպես ելույթ է ունեցել հանրահավաքին և նշել, որ խաղաղությունը չի կարող կառուցվել Արցախից հրաժարվելու, էթնիկ զտումների, մարդու իրավունքների հիմնարար արժեքների ոտնահարման վրա:

«Այսօր մեզ հետ ներկա են նաև բազմաթիվ պատգամավորներ, որոնք հայերի կողքին են այս պայքարում, նրանք պետք է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը բացատրեն, որ ռեալ պոլիտիկով զբաղվելը լավ է, բայց հանուն սեփական շահերի սեփական արժեքների դեմ պայքարելը նույնն է, ինչ պայքարես քո իսկ շահերի դեմ», — այս պնդումն է արել Դևեջյան կրտսերը:

Նա հիշեցրել է, որ ապրում է մի երկրում (նկատի ունի Ֆրանսիան), որն ընդունել է իր մեղավորությունը 20-րդ դարում տեղի ունեցած վերջին ցեղասպանության՝ Ռուանդայի տուտսիների ցեղասպանության գործում: Դա պատմական փաստ է. Ֆրանսուա Միտտերանի վրա է դրվել ծանր պատասխանատվությունը:

«Ես չեմ ցանկանում, որ 40 տարի անց Ֆրանսիայի կառավարությունն իր անգործությամբ լինի Արցախի հայերի ցեղասպանության հանցակիցը», — այսպես է եզրափակել Դևեջյանն իր խոսքը:

Հայաշատ Իսի Լե Մուլինոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանն էլ ընդգծել է, որ ոչինչ իրեն հետ չի պահելու Արցախի ժողովրդի կողքին կանգնելուց.

«Եթե Երևանում կան քաղաքական որոշումներ կայացնողներ, որոնք մոռանում են, որ Արցախը հայկական է, ապա մենք նրանց պատմության դասեր կտանք», — վստահեցրել է Խանջյանը: