Չեմ հասկանում՝ ինչու է դա պետք Ղազախստանին. Մարատ Բաշիրովը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
30 Մարտի 2026, 22:45
Քաղաքագետ Մարատ Բաշիրովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը ռուս գործընկերների հետ քննարկում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու հնարավորությունը։
«Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու կոնցեսիային, որն այս պահին պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, ես այնքան էլ չեմ հասկանում՝ ինչու է դա պետք Ղազախստանին։ Ղազախստանը Հայաստանի հետ անմիջական երկաթուղային կապ չունի՝ ոչ առաջ, ոչ հետո։ Միայն այն դեպքում, եթե այն ինչ-որ կերպ պայմանավորվի Իրանի հետ, բայց մինչև այդ կա Թուրքմենստանը, որի տարածքով է անցնում երկաթուղին։ Այդպիսի կարճ հատվածի համար, անկեղծ ասած, ես որևէ տնտեսական իմաստ չեմ տեսնում։ Դրանից հետո իմ տնտեսական տրամաբանությունը պարզապես դադարում է աշխատել։ Այսպիսով, այս պահին դա ինձ չի թվում իրատեսական զարգացման սցենար»,- նշել է Բաշիրովը։
Փորձագետի կարծիքով՝ Ղազախստանի առաջնահերթությունները հիմնականում տնտեսական նախագծերն են։
«Ղազախստանը պահպանում է չեզոքություն։ Այն փորձում է հեռու մնալ տարբեր աշխարհաքաղաքական ռազմավարություններից, որոնք չունեն որևէ ռեսուրսային նշանակություն», — եզրափակել է Բաշիրովը։