Չեմ կարծում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական հակամարտությունն ավարտված է. Ալեքսեյ Անպիլոգով

04 Նոյեմբերի 2025, 23:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ քաղաքական իմաստով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է, սակայն սոցիալ-հոգեբանական առումով այն շարունակվում է:

«Ես չեմ կարծում, որ քաղաքական հակամարտությունն այժմ ավարտված է։ Քաղաքական հակամարտությունը կարելի է ավարտված համարել միայն այն դեպքում, եթե ստորագրվել է համապարփակ, իրական և պարտավորեցնող խաղաղության պայմանագիր: Իսկ դա դեռ չկա։ Եվ նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, միշտ չէ, որ այն իրականացվում է դե ֆակտո։ Բավական է հիշել, օրինակ, Վերսալի պայմանագիրը, որով ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը։ Հենց այդ պայմանագիրն էր պարունակում այն «ռումբը», որը հետագայում պայթեց հիտլերյան Գերմանիայում», — ասել է Անպիլոգովը։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերություններում բազմաթիվ հարցեր մնում են չկարգավորված:

«Այն քաղաքականությունը, որն այժմ վարում է պաշտոնական Բաքուն, ենթադրում է մոնոէթնիկ պետության կառուցում՝ թյուրքալեզու իսլամական ձևաչափով։ Սա, իմ կարծիքով, բավականին նեղ և թերի մոդել է, որի շրջանակներում ազգային փոքրամասնությունների իրավունքները անխուսափելիորեն ոտնահարվելու են։ Չնայած Լեռնային Ղարաբաղից բնակչության զանգվածային արտագաղթին, այդ մարդիկ հսկայական խնդիրներ ունեն՝ թողած գույք, գույքային իրավունքներ, որոնք, կարծում եմ, ամեն կերպ կխախտվեն։ Արդեն հիմա երևում է, որ Ադրբեջանն ընտրողաբար է մոտենում Արցախի տարածքում սեփականության հարցերին», — եզրափակել է Անպիլոգովը։

Հիմա եթերում