Չեմ կարծում, որ Ռուսաստանը հանգիստ կհետեւի, եթե անմիջական վտանգ լինի հենց Հայաստանի համար. ռազմական թղթակից Յուրի Կոտենոկ

09 Սեպտեմբերի 2023, 00:15

Քաղաքականություն

Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը մեկնաբանել է Ռուսաստանի հնարավոր գործողությունները հայ-ադրբեջանական հակամարտության սրման դեպքում։

«Վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում տիրող խորը ճգնաժամը, հավանաբար, անակնկալ և անսպասելի էր անտեղյակ մարդկանց համար։ Բայց ներկայիս պաշտոնական Երևանի գործողությունների ամբողջ մորֆոլոգիան և, նույնիսկ, վերջին տարիներին նրա հայտարարությունների մակերեսային վերլուծությունը վկայում են այն մասին, որ Ռուսաստանից հեռանալու միտումնավոր ծրագիր է ձեռնարկվել։

Ռուսաստանին ծաղրելու համար սկսվեց ռուսաֆոբ քաղաքականության գիտակցված խրախուսումը և ռուսաֆոբական տրամադրությունների բորբոքումը: Ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում, պարզ է, որ նույնիսկ կենցաղային մակարդակում ավելի ու ավելի շատ մարդիկ են տալիս «ի՞նչ է կատարվում» հարցը։ առաջին հերթին Ռուսաստանին, բայց ո՛չ ուղիղ Երևանին, ո՛չ Հայաստանի ղեկավարությանը։

Թե ինչպես իրեն կպահի Ռուսաստանը, դժվար է ասել։ Իհարկե, ես չեմ ասում, որ Ռուսաստանը հանգիստ կնայի, երբ ուղղակի սպառնալիք լինի հենց Հայաստանին։ Բայց այստեղ առաջանում է առանցքային հարցը. որքանո՞վ են հայերը պատրաստ դիմակայելու մի քանի կողմից իրենց վրա հասցվող այս տոտալ գրոհին և ճնշմանը: Փաստորեն, Հայաստանը հիմա ծուղակում է, եթե չասենք՝ շրջապատված ադրբեջանական զինուժով։

Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, գտնվելով նման իրավիճակում, երբ ՀԱՊԿ ներկայացուցիչը հետ է կանչվում, երբ պաշտոնապես հայտարարվում է, որ ՀԱՊԿ-ը չի չի պաշտպանում Հայաստանի շահերը, ինչպե՞ս հայերը կկարողանան ինքնուրույն դիմակայել այս սպառնալիքին: Այն սպառնալիքին, երբ հակառակորդը չի թաքնվում, խոսում է այն մասին, թե ինչպես է ամեն կերպ կատարելու իր խնդիրը։ Կրկնում եմ՝ իրավիճակը շատ տագնապալի է։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա ադրբեջանական կողմը փորձելու է կապանքների մեջ դնել ռուս խաղաղապահներին։ Ինչպես գիտենք, այնտեղ մոտ 30 կետ կա, որոնք հսկում են սահմանազատման գիծը, և էսկալացիայի դեպքում ադրբեջանցիները, իմ կարծիքով, չեն փորձի ուղիղ ռազմական գործողություններ սկսել ռուս խաղաղապահների հետ։ Փորձելու են, արգելափակել տեղակայման կետերը, դիտակետերը, բազան և, ի վերջո, շարժվելու են դեպի Ստեփանակերտ եւ մի քանի կողմից ամբողջությամբ արգելափակեն։ Եվ նրանք կսկսեն «մաքրել» , բացահայտել անցանկալի մարդկանց, բացահայտել նրանց, ովքեր մասնակցել են ռազմական գործողություններին։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի ախորժակը տարածվում է նաև Հայաստանի հիմնական ջրի աղբյուրի՝ Սևանա լճի վրա, ապա կարող ենք ակնկալել առաջխաղացումներ սահմանի ամբողջ երկայնքով և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»։ Այդ ժամանակ սպառնալիքի տակ կհայտնվի Հայաստանն ու Երևանը հյուսիսային շրջանների հետ կապող երթուղին, որն առհասարակ, կյանքի ճանապարհ է։ Փաստորեն, վտանգի տակ են նաև Վրաստանի տարածքով Ռուսաստան հաղորդակցությունները։

Իսկ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, Բաքվի մեկնաբանությամբ, հնչում է մոտավորապես այսպես. «Երբ մենք ինքներս ճանապարհ ենք բացում այստեղ, մենք հաշվի չենք առնում ո՛չ հայկական կողմի, ո՛չ էլ որևէ մեկի կարծիքը»: Շատ բարդ իրավիճակ է։

Այստեղ Իրանի դիրքորոշումը նույնպես կարևոր, առանցքային կետ է, բայց ես հույսը չէի դնի Իրանի վրա այն առումով, որ իրանական կողմը ամպագոռգոռ հայտարարություններ է անում, որ թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ։ Իրանը կարող է հետևել, թե ինչ է կատարվում և կարող է միջամտել իրադարձություններին, միայն որոշակի կոնֆիգուրացիայի դեպքում, որը ձևավորվելու է: Որովհետև, Ադրբեջանը ապահովել է առանցքային խաղացողների աջակցությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ մոլորակում, և դա Թուրքիան, Իսրայելն ու ԱՄՆ-ն են։ Այստեղ անընդհատ շարժում կա և, անկեղծ ասած, ես չեմ տեսնում այն լծակները, թեկուզ ռազմական, որոնց միջոցով Հայաստանը կկարողանա արմատապես կարգավորել իրավիճակը հօգուտ իրեն։ Նկատի չունեմ հայերի կռվելու և պատերազմելու ցանկությունը, նկատի ունեմ տեխնիկական հնարավորությունները»,- նշել է ռազմական թղթակիցը։