Չեմ ուզում նույնականացնել ՀՀ կառավարությանը ՀՀ-ի հետ. Արմեն Մանգասարյան
11 Հուլիսի 2023, 23:06
«Մենք ենք մեր սարերը» նախաձեռնության ղեկավար Արմեն Մանգասարյանն անընդունելի է համարում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ ՀՀ գործող իշխանության հայտարարությունները: Alpha News-ի հետ զրույցում Մանգասարյանը շեշտել է՝ չպետք է նույնականացնել Հայաստանը երկրի կառավարության հետ:
«Վերջերս հաճախ եմ նկատում՝ այնպիսի տպավորություն է, որ Արցախը մենակ է մնացել: Չեմ ուզում նույնականացնել ՀՀ կառավարությանը ՀՀ-ի հետ, բայց Արցախում միշտ օգտագործել ենք Մայր Հայաստան տերմինը ու մայրը երբեք չի կարող իր երեխայից հրաժարվել: Ըստ իս՝ անընդունելի են ՀՀ իշխանության այն հայտարարությունները, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, բայց ասեմ ավելին, եթե այդ քայլին գնան, մենք մինչև վերջ պատրաստ ենք պայքարել»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է Արմեն Մանգասարյանը՝ անդրադառնալով շրջափակված Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մանգասարյանը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը անտարբեր չգտնվել, հարցնում է՝ ինչպե՞ս կվարվեին, եթե իրենց սեփական երեխան գտնվեր նման պայմաններում: Նրա համոզմամբ, ստեղծված իրավիճակում, օգնություն է անգամ իրենց բնակության երկրներում Արցախի մասին խոսելը:
«Ինձ արտերկրի ընկերները հաճախ են հարցնում՝ ինչպե՞ս կարող են օգնել, օգնություն կլինի Արցախի մասին խոսելը, Արցախի խնդիրները ներկայացնելը այն երկրներին, որտեղ նրանք բնակվում են: Լրահոսից նկատում եմ՝ նույնիսկ արդեն Արցախի մասին չի խոսվում: Յուրաքանչյուր ոք թո՛ղ մտածի՝ եթե իր երեխան գտնվեր այս իրավիճակում, ի՞նչ կաներ: Շփվելով մեր հայրենակիցների հետ՝ կարող եմ ասել՝ ամեն ինչ նոր է սկսվում ու մեր պայքարը միանշանակ շարունակվելու է: Մենք կհասնենք մեր բաղձալի նպատակին՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ, հայկական Արցախ»,- շեշտել է նա:
«Մենք ենք մեր սարերը» նածաձեռնությունը ներկայումս Արցախում իրականացնում է 10-ը ծրագիր, որոնց միջոցով աջակցում են Արցախի էներգետիկ համակարգին, ջերմոցային տնտեսությունների արդիականացմանը, առողջության պահպանման շարժական բրիգադների գործարկմանը:
Նախաձեռնության շնորհիվ մոտ 1500 վառարան է բաժանվել արցախցիներին: Շրջափակումը, ինչպես նշում է Արմեն Մանգասարյանը, փոքր ինչ խանգարել է որոշ ծրագրերի իրագործմանը:
Հիշեցնենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: