Չեմպիոնական տիտղոսներ նվաճած Մարկոս Պիզելին

03 Հոկտեմբերի 2024, 23:25

Սպորտ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հոկտեմբերի 3-ին բրազիլիացի և հայ ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիի ծննդյան օրն է: Կիսապաշտպանը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 3-ին Սան Պաուլոյում։

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Բրազիլիայի «Սան Կառլուշ» ակումբում։ 2006 թվականին Պիզելիին նկատել է Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը, ուր հետագայում տեղափոխվել է ֆուտբոլիստը։ Մարզիկի նորամուտի խաղը կայացել է ապրիլի 30-ին «Ուիլիսի» դեմ խաղում: «Արարատ»-ի կազմում իր առաջին գոլը նա խփել է հունիսի 16-ին՝ նույն «Ուիլիսի» դեմ մեկ այլ խաղում:

Հաջորդ մրցաշրջանում նա սկսել է ակտիվորեն գոլեր խփել։ Բարձր արդյունավետության շնորհիվ Պիզելին ճանաչվել է Հայաստանի առաջնության 2007-2008թթ. լավագույն ռմբարկու:

2009 թվականի ամառային մրցաշրջանում ֆուտբոլիստն ավարտել է պայմանագիրը «Արարատ»-ի հետ և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Փյունիկ»: Հուլիսին կնքվել է երկարաժամկետ պայմանագիր։

«Փյունիկ»-ում նա նվաճել է չեմպիոնական տիտղոսներ, նաև դարձել է Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր:

Հայաստանի 2010 թվականի առաջնության 10-րդ տուրում Մարկոսը ելույթների ողջ պատմության ընթացքում 100 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում:

Նա երրորդ անգամ դարձել է Հայաստանի լավագույն ռմբարկու։

Հաջորդ մի քանի տարիներին Պիզելին խաղացել է «Կուբան», «Կրասնոդար», ղազախական «Ակտոբե» ֆուտբոլային ակումբներում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի «Ալ Ռաեդ»-ում։

2019 թվականի վերջին Մարկոս Պիզելին պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիա»-ի հետ, սակայն մեկ ամիս անց հայտարարել է, որ վնասվածքի պատճառով ավարտում է մարզական կարիերան:

Կնոջ՝ Նատալյայի հետ նա տեղափոխվել է Հայաստան։ Ի դեպ, Պիզելին տիրապետում է պորտուգալերենին, հայերենին, ռուսերենին և անգլերենին:

Հիմա եթերում