Չեն գտել գեթ մեկ փաստաթուղթ. փաստաբանը՝ Արցախի ներկայացուցչությունում իրականացված խուզարկության մասին
11 Դեկտեմբերի 2025, 14:38
Քրեական վարույթը, որի շրջանակներում այս պահին իրականացվում է խուզարկությունը, նախաձեռնվել է 2025 թվականին հունիսին։ Այս մասին հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ ներկայացնելով, թե ինչու է Արցախի ներկայացուցչությունում ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն իրականացնում։
«Խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի և Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելու հետ։ Ցեսիայի պայմանագիրը կնքվել է ՀՀ կառավարության և Արցախի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում։ Այսինքն՝ այստեղ բացահայտ հանցագործության տարրեր անձամբ ես չեմ տեսնում։ Եվ չեմ հասկանում առհասարակ 2021 թ-ին տեղի ունեցած իրադարձությունը ինչ կապ ունի Արցախի Հանրապետության ներկայացուցչության մշտական տեղակայման վայրի հետ»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ խուզարկության ընթացքում չի գտնվել գեթ մեկ փաստաթուղթ, որն այդ վարույթի համար կարող էր ունենալ որևէ նշանակություն։