Չենք հուսահատվում, այլև ամուր հույս ու հավատով շարունակում ենք ապրել ու արարել. Ճանկաթաղի բնակիչներ
06 Հուլիսի 2023, 00:53
Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքից հակառակորդի դիրքերն ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա են: Գյուղացիները «Արցախթերթին» պատմել են, որ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից Ճանկաթաղը պարբերաբար է թշնամու կրակի տակ հայտնվում:
Երբ կրակում են, յոթ տարեկան Էլինան ամուր փակում է ականջները: Նա այս տարի երրորդ դասարան է տեղափոխվելու: Հարցին, թե չի վախենում արդյոք, երբ կրակում են, ասում է, որ միանգամից վազում է պապիկի մոտ.
«Երբ տանն եմ լինում այգում՝ տան պատի հետևում եմ թաքնվում, իսկ երբ դասերի ժամանակ են կրակում, ուսուցիչները մեզ տեղափոխում են անվտանգ վայր, որտեղ սպասում ենք մինչև դադարի»:
Էլինայի պապիկը՝ Ջամալ Դավթյանը, մտահոգված լինելով ստեղծված վիճակով, ընդգծում է, որ սուրբ է այն հողը, որտեղ ապրում են ու պետք է ամեն ինչ անել այս փորձությունն էլ հաղթահարելու համար.
«Ի՞նչ անենք, ամեն առավոտ արթնանում ու հող ենք մշակում, այգի ջրում: Մենք պատասխանատու ենք այս փոքրիկների համար: Գոնե այդ պատճառով պարտավոր ենք լինել ավելի ուժեղ»:
Ճանկաթաղի գրեթե բոլոր տները գյուղի հանդիպակաց բարձունքում տեղակայված ադրբեջանական դիրքերի դիտակետում են: Համայնքի տարածքում գտնվող եկեղեցին ու բակում գտնվող հին խաչքարը 13-րդ դարով են թվագրվում:
«Սա է մեր այսօրվա իրականությունը: Մի քանի դար է վերակառուցում ենք, շենացնում ենք մեր պապերից ժառանգած տները: Չենք հուսահատվում, այլև ամուր հույս ու հավատով շարունակում ենք ապրել ու արարել»,- ոգևորությամբ նշում է Ջամալ Դավթյանը: