Չենք կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործերը. ՀՀ-ում ԵՄ դեսպանը՝ քաղբանտարկյալների մասին

17 Հունվարի 2026, 13:42

Քաղաքականություն

Մենք ակնկալում ենք, որ իշխանությունները կկիրառեն բոլոր այն չափանիշերը, որոնք պահանջվում են օրենսդրությամբ և Սահմանադրությամբ։ Մենք կապի մեջ ենք բոլոր այդ մարմինների հետ։ Մենք չենք կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործերը։ Դրանք պետք է դիտարկել երկրի ներսում ընթացող քաղաքական և ինստիտուցիոնալ քննարկումների համատեքստում։ Այս մասին ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ պատասխանելով ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին վերաբերող հարցին, փոխանցում է News.am-ը։

«Եվրոպական Միությունը լուռ չէ, սակայն Եվրոպական Միությունը չի կարող սկսել մեկնաբանություններ անել, քանի որ մենք իրավասու մարմին չենք։ Մենք աշխատում ենք գործընկերների հետ, ունենք երկխոսություն նաև քաղաքացիական հասարակության հետ։ Աշխատում ենք ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության հետ, որը նույնպես հետևում է այդ գործերից որոշներին։ 

Մենք մշտական երկխոսության մեջ ենք բոլորի հետ։ Սա է մեր գործունեությունը, և մենք լուռ չենք, քանի որ այստեղ ենք աջակցելու Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին՝ ավելի բարձր ստանդարտների հասնելու համար»-նշել է նա: