Չենք պատրաստվում Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքի մեջ մտնել․ Պապիկյան
13 Հունվարի 2026, 13:55
Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ մտնել սպառազինության մրցավազքի մեջ, սակայն դա չի նշանակում, որ երկիրը կդադարեցնի զենք-զինամթերքի և ռազմական տեխնիկայի գնումը կամ բանակի արդիականացումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարի խոսքով՝ սպառազինության մրցավազքից հրաժարվելը Կառավարության հստակ դիրքորոշումն է։
«Չենք պատրաստվում որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել, և սա մեր Կառավարության դիրքորոշումն է»,– նշեց նա։
Միաժամանակ Պապիկյանն ընդգծեց, որ դա որևէ կերպ չի նշանակում պաշտպանական կարողությունների զարգացումից հրաժարում։ Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակելու է իրականացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ, ինչպես նաև բանակի արդիականացման գործընթացը։ Նախարարը հիշեցրեց, որ այս ուղղությամբ արդեն հրապարակվել են խոսուն թվեր, որոնք, ըստ նրա, դրա վառ վկայությունն են։