Չեխահայերը եվրոպական երկրներից պահանջել են պատժամիջոցներ սահմանել դիկտատոր Ալիեւի ռեժիմի դեմ
02 Հոկտեմբերի 2023, 19:30
Նախօրեին Պրահայի Ստարոմեստսկա հրապարակում չեխահայ երիտասարդությունը եւ հայ համայնքը բողոքի ակցիա են իրականացրել, որի նպատակն է եղել դատապարտել Արցախի դեմ սանաձազերծված ադրբեջանական ագրեսիան, որպեսզի ոչ միայն Չեխիան, այլեւ Եվրոպական միության երկրները պատժամիջոցներ կիրառեն դիկտատոր Ալիեւի ռեժիմի դեմ։
Orer.eu-ի փոխանցմամբ՝ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում կատարված Արցախի համար աղոթքից ու ժամերգությունից հետո Չեխիայի հոգեւոր հովիվ Հայր Բարսեղ Փիլավչյանի առաջնորդությամբ՝ հարյուրավոր հայրենակիցներ Արցախի ու Հայաստանի դրոշներով, եւ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող պաստառներով՝ երթով շարժվել են մինչեւ կենտրոնական Ստարոմեստսկա հրապարակ։
Բողոք ակցիայի մասնակիցները պահանջել են Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ, դադարեցնել Արցախի հայերի էթնիկ զտումները, Հայաստան ուղարկել մարդասիրական օգնություն, ինչպես նաեւ միջազգային խաղաղապահ ուժեր։
Հանրահավաքի մասնակիցները երգել են նաեւ հայրենասիրական երգեր, իսկ ելույթ ունեցողները միասնության, հավաքական պայքարի ու լավատեսության կոչեր են արել՝ հույս հայտնելով, որ Արցախը կմնա հայկական, իսկ Հայաստանը ոտքի կկանգնի բոլորի համատեղ ուժերով։
Լուսանկարները՝ Հակոբ Ասատրյանի
Տեսանյութը Alpha News-ի