Չեխիայում անցկացված միջոցառումները՝ նվիրված Հայաստանին ու հայ մշակույթին
20 Հունիսի 2024, 20:40
Հունիսի առաջին կեսին Չեխիայում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որ նվիրված են եղել Հայաստանին ու հայ մշակույթին։ Այս մասին գրում է Orer.eu-ն:
Հունիսի մեկին Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցում տեղի է ունեցել տարեվերջյան հանդես՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին և Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։
Հանդեսի հիմնական թեման հայոց լեզվի պահպանությունն էր։ Ավագ խմբի երեխաների ելույթը նվիրված է եղել Եղիշե Չարենցին ու հայ բանաստեղծի պոեզիային։ Փոքր ու միջին դասարանցիները ներկայացրել են հայ ականավոր դեմքերի խոսքերը հայոց լեզվի և հայերեն խոսելու կարևորության մասին։
Հունիսի 7-ին Չեխիայում ՀՀ դեսպանության և Կրկնոշե լեռների ազգային պարկի համագործակցությամբ, «Կրտեկ» բնապահպանական կրթական կենտրոնում նշվել է «Հայաստանի օրը», որը նվիրված էր Հանրապետության տոնին և նշանավորում էր Կրկնոշե լեռների և Դիլիջանի ազգային պարկերի համագործակցության հաստատման 10-ամյակը:
Հունիսի 11-ին Պրահայի Ռուդոլֆինում համերգասրահում կայացել է ռուսահայ վիրտուոզ դաշնակահարուհի Եվա Գևորգյանի և Պրահայի կամերային նվագախմբի՝ բացառիկ ջութակահար, կոնցերտմայստեր Լուդմիլա Պավլովայի ղեկավարությամբ հիանալի համերգը։