Չի բացառվում, որ Էրդողանը փորձում է Ռուսաստանի համար 2-րդ ճակատ բացել Հարավային Կովկասում. փորձագետ
13 Հուլիսի 2023, 19:55
Թուրքիայի նախագահը Արցախում ռուս խաղաղապահ առաքելության ավարտի մասին հայտարարությունն արել է հակառուսական տրամադրությունների համատեքստում: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:
«Ընտրություններից հետո Էրդողանը փորձում է բարելավել հարաբերությունները արեւմտյան դաշնակիցների հետ ու, կարծես թե, հրաժարվում է նախկին արտաքին քաղաքական կուրսից, երբ շատ ավելի ինքնուրույն էր գործում»,-ասաց Հասմիկ Վարդանյանը՝ շեշտելով, որ Էրդողանն այդ հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի վիլնյուսյան վեհաժողովի շրջանակներում, որի ուղղվածությունը հակառուսական էր:
«44-օրյա պատերազմից հետո Էրդողանն՝ Ադրբեջանի նախագահի հետ միասին, հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է ու այդտեղ խնդիր չկա: Էրդողանը հույս է հայտնում, որ 2025 թ.-ին ռուս խաղաղապահները կգնան Արցախից, բայց նրա գործողությունների համախումբը ցույց է տալիս, որ նա, հակառուսականության տարրեր պարունակող քայլեր իրականացնելով, փորձում է ինչ-որ կերպ հակադրվել Ռուսաստանին, փորձում է դուրս գալ նախկին քաղաքական կուրսից, ինչն ակնկալում էր Միացյալ Նահանգները»,- ասաց Հասմիկ Վարդանյանը:
Էրդողանը, հիշեցնենք, ՆԱՏՕ-ի վիլնյուսյան վեհաժողովի շրջանակներում երեկ՝ հուլիսի 12-ին, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցի, հույս էր հայտնել, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտականություններին եւ ռուս խաղաղապահները 2025 թ.-ին կլքեն Լեռնային Ղարաբաղը: Իսկ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել են 5 տարի ժամկետով, որը, սակայն, կարող է երկարաձգվել եւս 5-ամյա ժամկետով, եթե կողմերից մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի դրա չեղարկման մտադրության մասին:
Վարդանյանի կարծիքով՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Արեւմուտքի շահերից է բխում, որ ռուս խաղաղապահները լքեն Արցախը, մինչդեռ Ռուսաստանը նախատեսում է մնալ այս տարածաշրջանում՝ ելնելով Արցախում ստեղծված իրավիճակից:
«Չի բացառվում, որ Էրդողանը այդ հայտարարությամբ փորձում է ստիպել ռուսական կողմին՝ գնալ ինչ-որ գործողությունների, նաեւ 2-րդ ճակատ բացել Վրաստանում, Մոլդովայում, ինչպես նաեւ Հարավային Կովկասում, որտեղ Հայաստանի ու Արցախի սահմաններին պարբերաբար հրադադարի խախտումներ են տեղի ունենում Ադրբեջանի կողմից»,- հավելեց փորձագետը: