Չի՛ կարելի թաքցնել, որ ռուս-հայկական հարաբերություններում լարվածություն կա, մենք շահագրգռված ենք հարցը կարգավորել. Պետդումայի պատգամավոր
26 Սեպտեմբերի 2023, 20:00
Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ռուս-հայկական հարաբերությունների այսօրվա վիճակը:
«Մենք ելնում ենք, նախ և առաջ, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնությունից, որտեղ Ռուսաստանը միջնորդական գործառույթ է իրականացնում և դրա երաշխավորը Լեռնային Ղարաբաղում գտնվող խաղաղապահ զորակազմն է։ Մենք այստեղ պատասխանատվության և մեղքի բեռը չենք տեղափոխում Ադրբեջանի, Հայաստանի վրա, մեզ համար կարևորն այն է, որ հակամարտությունը տեղայնացվի և տեղափոխվի քաղաքական-դիվանագիտական հուն։ Ահա սա է այսօր ամենակարևորը՝ ինչպես ռուս-հայկական հարաբերությունների, այնպես էլ ռուս-ադրբեջանական հարաբերությունների շրջանակներում», — ասել է Շվիտկինը։
Խոսելով այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահների դերի մասին՝ պատգամավորը նշել է, որ առայժմ խաղաղապահները իրականացնում են և իրականացնելու են մանդատը, որը սահմանված է:
«Խաղաղապահները հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները՝ անկախ նրանից, որ այնտեղ, ցավոք, զոհվել են մեր տղաները։ Բայց, այնուամենայնիվ, նրանք կատարում են իրենց առջև դրված խնդիրները՝ վտանգելով իրենց կյանքը՝ պաշտպանելով Ղարաբաղի տարածքում բնակվող բնակչությանը», — ասել է Յուրի Շվիտկինը։
Խոսելով Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների լարվածության մասին՝ պատգամավորն ասել է՝ չի կարելի թաքցնել, որ որոշակի լարվածություն կա։
«Այո՛, չի կարելի թաքցնել, որ որոշակի լարվածություն կա, բայց մենք շահագրգռված ենք հարցի կարգավորմամբ, որպեսզի Ռուսաստանը կառուցողական և բարիդրացիական հարաբերություններ ունենա։ Կարծում եմ, որ հայկական կողմն էլ պետք է դա հասկանա», — նշել է պատգամավորը։
«Ես ևս մեկ անգամ ասում եմ ՝ կան եռակողմ համաձայնագրեր, և դրանք պետք է անշեղորեն պահպանվեն բոլոր կողմերի կողմից։ Խաղաղապահներն ամեն ինչ անում են։ Այսօր խաղաղապահների օգնությամբ բավականին մեծ թվով հայ բնակչություն է տարհանվել Երևան։ Ռուս խաղաղապահները, իրենցով ծածկելով մարդկանց, տարհանում են հայերին։ Դա նույնպես շատ կարեւոր է», — եզրափակել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահը։