Չիլիի երաժշտական փառատոնում Արսեն Պետրոսյանի տրիոն արժանացել է աննախադեպ ընդունելության
17 Փետրվարի 2025, 14:36
Օրերս Չիլիի երաժշտական փառատոնում առաջին անգամ ելույթ է ունեցել Արսեն Պետրոսյան տրիոն:
Հայտնի հայ երաժիշտ, դուդուկի վարպետ Արսեն Պետրոսյանը ՕՐԵՐ-ի հետ զրույցում ասել է, որ Չիլիում համերգները կազմակերպվել են Մունդովիվո փառատոնի շրջանակներում։
«24-րդ անգամ անցկացվող փառատոնում առաջին անգամ ներկայացվեց հայկական երաժշտություն եւ ելույթ ունեցան Հայաստանից ժամանած երաժիշտներ։ Չիլիում ներկայացա «Արսեն Պետրոսյան տրիոյով»՝ քանոնն ու բաս դուդուկը ավելացան իբրեւ նվագակցող գործիքներ։ Ծրագրում ընդգրկել էինք ինչպես հայ հոգեւոր, այնպես էլ ժողովրդական երաժշտություն։ Չորս համերգները տեղի ունեցան Սանտիագոյի տարբեր շրջաններում եւ մեկ համերգ՝ Չիլիի հարավում գտնվող Պուկո հայտնի տուրիստական քաղաքում», — նշել է նա՝ հավելելով, որ հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել հայ երաժիշտներին, և որ ինքը նման ընդունելության չէր սպասում։
«Ինձ էլ հետաքրքիր էր, թե նրանք ինչպես են ընկալելու մեր երաժշտությունը։ Բոլոր համերգներին, առանց չափազանցության, հոտնկայս ծափեր են եղել եւ բիս ենք նվագել։ Անչափ տպավորիչ էր։ Հայկական երաժշտությանը թեեւ տեղյակ չէին, բայց դուդուկով հնչող երաժշտությունը համարում էին հոգու հետ երկխոսություն։ Ամենաշատ մեկնաբանություններն այն մասին էին, որ սա պարզ երաժշտություն է հոգու համար», — պատմել է նա։