Ճիշտ կլինի նախագահից հարցնել, թե ում պատվերն է կատարում Տիգրան Պետրոսյանը. Արցախի պատգամավոր
09 Օգոստոսի 2023, 17:46
Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը կարծում է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա իր ենթակայությամբ գործող հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի գրառման պատճառով, որտեղ Պետրոսյանը խորհրդարանը համեմատել էր ախոռի հետ:
«Արցախի նախագահը պետք է հրաժարական տա, նա պատասխանատվություն է կրում յուրաքաչնյուր նշանակման, իրավիճակի ու, ընդհանրապես, ամեն ինչի համար»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Մարսել Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ Արցախի նախագահը չէր խորհրդակցել իրենց ուժի հետ, երբ ստեղծել էր այդ մարմինն ու ղեկավար նշանակել:
«Դա նախագահին կից կառույց է, որի պատասխանատվությունը կրում է նախագահը, հետեւաբար, ճիշտ կլինի նախագահից հարցնենք, թե ինչ է կատարվում, ընդհանրապես, եւ ում պատվերն է նա կատարում»,- նշեց Մարսել Պետրոսյանը:
Նա հավելեց, որ Տիգրան Պետրոսյանը պետք է պատասխանատվություն կրի իր խոսքերի համար:
«Կարգ կա՛, օրենք կա՛, դրանց շրջանակում էլ յուրաքանչյուր մարդ իր ասածի համար պատասխանատվություն է կրում: Եթե Տիգրան Պետրոսյանը համոզված է, որ դա իրոք ախոռ է, ապա պետք է կարողանա ապացուցել, իսկ եթե՝ ոչ, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի»,- շեշտեց արցախցի պատգամավորը:
Նշենք, որ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը օգոստոսի 7-ին Դավիթ Իշխանյանի՝ Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո ֆեյսբուքյան գրառման մեջ խորհրդարանը համեմատել էր ախոռի հետ:
Նշենք, որ Տիգրան Պետրոսյանը Արցախում ՀԿ սեկտորի հայտնի ներկայացուցիչ է եւ ընկալվում է որպես Հայաստանի գործող իշխանությունների դրածո։