Չկա այն իրավական փաստաթուղթը, որով զիջված տարածքների դիմաց ՀՀ-ն որևէ բան է ստանում․ քաղաքագետ
01 Մայիսի 2024, 22:01
Այս իշխանությունը փորձում է կոտրել ժողովրդի դիմադրությունը և հասնել այն նպատակներին, որոնք այս փուլում դրել են իրենց առջև։ Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արա Պողոսյանն։
Անդրադառնալով կիրանցիների այն հայտարարությանը, թե կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ Կիրանց գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում, քաղաքագետը նշել է․
«60 տոկոս կամ տարբեր թվեր Փաշինյանից բազմիցս լսել ենք։ Ավելին՝ վերջերս Տավուշում իր այցելության ժամանակ նույնիսկ հայտարարել էր, որ չկա երաշխիք՝ զիջելուց հետո պատերազմ չի լինի։ Սա ասում է այն ժողովրդին, որը փորձում է պաշտպանել իր իրավունքները, փորձում է տեր կանգնել իր պապենական տներին և փորձ է արվում պարզապես քնեցնել, բթացնել դիմադրողականությունը, կոտրել ժողովրդի դիմադրությունը և հասնել այն նպատակներին, որոնք այս փուլում դրել են իրենց առջև։ Իսկ այս փուլում խոսել ՀՀ իշխանությունների նպատակների մասին, անիմաստ է, պիտի խոսենք Ադրբեջանի նպատակների մասին, որ փորձ են անում սպասարկել ՀՀ իշխանությունները»։
Արա Պողոսյանը հիշեցրել է նաև Սահմանադրությունում փոփոխությունների, Տավուշի 4 գյուղերի մասին, որոնց վերաբերյալ միաժամանակ բարձրաձայնել են Փաշինյանն ու Ալիևը։
«Ակնհայտ է՝ այն պահանջները, որ դնում է Բաքուն, Հայաստանում առնվազն մի քանի օրվա կամ շաբաթվա տարբերությամբ ներկայացվում է որպես Հայաստանի իշխանությունների դիրքորոշում։ Հիշում ենք Սահմանադրության, 4 գյուղերի, անկլավների և այլ թեմաների մասին։ Հայաստանի Հանրապետության տարածքներից որոշ տարածքներ արդեն իսկ զիջվեցին։
Բայց չկա այն իրավական փաստաթուղթը, որով զիջված տարածքների դիմաց ՀՀ-ն որևէ բան է ստանում, պարզապես չկա, գոյություն չկա այդպիսի փաստաթուղթ։ Մենք նաև գիտենք ադրբեջանական կողմի տրամադրվածությունը․ այս պահին ստանալով զիջումներ՝ ոչինչ չի խանգարում Ադրբեջանի իշխանություններին, մասնավորապես՝ նախագահ Ալիևին, որ ասի՝ ինքը որևէ փաստաթուղթ չի ստորագրել, և Հայաստանին վերադարձնելու կամ ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու որևէ մտադրություն չունի»,- եզրափակել է Արա Պողոսյանը։