Չկա երաշխիք, որ ռուս-ուկրաիանական ճգնաժամի հանգուցալուծումից հետո Հայաստանի տնտեսական պատկերը չի վերադառնալու նախկինին. Լիլիա Ամիրխանյան
29 Հունիսի 2023, 17:05
Մեր տնտեսության որոշ ճյուղերի աճին նպաստող արտաքին գործոնները՝ ռուս-ուկրաինական ճգնաժամը, և դրանով պայմանավորված՝ օտարերկրացիների ներհոսքը դեպի Հայաստան, չեն կարող երկարաժամկետ հեռանկարում անպայման հավերժ ապահովել դրական տեմպեր:
Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:
Տնտեսագետի խոսքով, ռուս-ուկրաիանական ճգնաժամի որևե հանգուցալուծման դեպքում, չկան երաշխիքներ կամ նախադրյալներ, որ Հայաստանի տնտեսական պատկերը չի վերադառնա նախկինին: Մեծ է հավանականությունը, որ իրադրության փոփոխությունից հետո, ռելոկանտները հետ կվերադառնան իրենց բնակության վայրեր:
«Մենք չունենք որոշակիություն, կանխատեսելիության դաշտը խիստ ցածր մակարդակի վրա է: Գուցե որոշ մեխանիզմների ներդրման պարագայում մենք կարողանայինք ստեղծել համապատասխան միջավայր»,-նշում է տնտեսագետը: Ընդգծում է՝ օտարազգիները Հայաստանում ներգրավված են հիմնականում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այնինչ, հստակ մեխանիզմներ են պետք, որպեսզի գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, և այլ ոլորտներ նույնպես զարգանան: Փորձագետի խոսքով, սակայն, չի երևում, թե պետությունն այդ հարցում ինչ քաղաքականություն է տանում:
«Այս պահի դրությամբ չկան այդ գործուն մեխանիզմները, որոնք աստիճանաբար կինստիտուցիոնալացնեն այն բոլոր գործոնները, որոնք այսօր նպատել են մեր տնտեսության աճին»,-համոզված է Լիլիա Ամիրխանյանը:
Փորձագետ Լիլիա Ամիրխանյանը անդրադարձավ նաև Global Finance ֆինանսական ամսագրի հրապարակած ցուցանիշներին: Ըստ ամսագրի, մեր տարածաշրջանում ամենահարուստ երկրներն են Թուրքիան, Վրաստանը, Իրանը, Հայաստանն ու վերջին տեղում՝ Ադրբեջանը։
«Բոլոր այդ հաշվարկները իրականացվել են մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա»,-ասում է Ամիրխանյանը: Նա հավելում է՝ չի կարելի հերքել այդ ցուցանիշները, դրանք իրական են, և կարող են հանգեցնել նման գնահատականի, բայց այլ հարց է, թե որքանով են այդ արդյունքները բաշխվում բնակչության եկամուտների տեսքով:
Տնտեսագետը հիշեցնում է ՝ Ադրբեջանի ռեսուրսները անհամեմատ ավելին են, բայց և Ադրբեջանը ավտորիտար երկիր է:
«Վիճակագրական տվյալները Ադրբեջանի պարագայում շատ ավելի դժվար է գտնել: Այնուամենայնիվ, այն փոքր տվյալները, որ մենք ստանում ենք այդ երկրից, կարող են վկայել, որ այո՛, միջին վիճակագրական ադրբեջանցին կարող է ապրել ավելի վատ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացին»,- նշում է տնտեսագետը: