Չնայած Ալիևի կոշտ ցույցերին՝ շարունակելու եմ պայքարել ՀՀ տարածքային ինքնիշխանության, հայ բանտարկյալների ազատության համար․ Փալոն

19 Նոյեմբերի 2024, 15:45

Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, որը Բաքվում մասնակցում էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP-29 գագաթնաժողովին, բախվել է Ադրբեջանի կառավարության հովանավորած բողոքի ակցիաներին: Ֆրենկ Փալոնի պաշտոնական կայքում այս մասին հաղորդագրություն է հրապարակվել:

Նշվում է, որ բողոքի ակցիաների մասնակիցները հետապնդել են Փալոնին թե՛ գագաթնաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Կոնգրեսմենը խուսափել է ֆիզիկական վնասներից միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի միջամտության շնորհիվ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արգելել է Փալոնին մասնակցել իր և ԱՄՆ Կոնգրեսի անդամների հանդիպմանը: Չնայած Փալոնը հանդիպում էր խնդրել Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անունից` նրան հատուկ ցուցակից հեռացրել են։

Նշվում է, որ Փալոնը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին և դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը և հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում: