Չնայած Ռուսաստանի զգուշացմանը՝ համոզված եմ, որ Հայաստանը վավերացնելու է Հռոմի ստատուտը. քաղաքագետ
21 Հուլիսի 2023, 17:28
Չնայած Ռուսաստանի զգուշացմանը՝ քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը վստահ է, որ Հայաստանի խորհրդարանը վավերացնելու է Հռոմի ստատուտը, ինչը ենթադրում է Հայաստան՝ Ռուսաստանի նախագահի այցելության դեպքում Վլադիմիր Պուտինի ձերբակալումը:
«Առավել քան վստահ եմ, որ ոչ միայն պաշտոնական,այլեւ ոչ պաշտոնական մակարդակով ռուսական կողմն իր մտահոգությունները հայտնել է հայ գործընկերներին այդ ստատուտին միանալու հետ կապված: Հայաստանն արդեն աշխարհաքաղական իր ընտրությունը բաց կատարել է, ու ռուսների կողմից մտահոգություններ հայտնելը, գլոբալ առումով, գործընթացի վրա շատ չի ազդելու»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Բենիամին Մաթեւոսյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները գնալու են մինչեւ վերջ.
«Ոչ միայն վավերացնելու են Հռոմի ստատուտը, այլեւ գրեթե կսառեցնեն հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ ու կփորձեն Արեւմուտքի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները զարգացնել եւ սպառազինություն գնել իրենցից»,-շարունակեց քաղաքագետը:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնային խորհրդի եւ Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում Դաշնային խորհրդի փոխնախագահը հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանը պետք է ուսումնասիրի, թե ինչ հետեւանքներ կունենա երկրի միանալը Հռոմի ստատուտին եւ գնահատի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին սպառնացող ռիսկերը:
Հավելենք նաեւ, որ Հռոմի ստատուտը վավերացնող երկրները պարտավորվում են ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը: Իսկ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր էր տվել՝ մեղադրելով ռազմական հանցագործության համար:
Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1998թ–ին, սակայն չէր վավերացրել։ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2004 թ. Հռոմի ստատուտը հակասահմանադրական էր ճանաչել:
2022 թ. դեկտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, Ադրբեջանին պատասխանատվության կանչելու հնարավորության պատճառաբանությամբ, միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսելու նպատակով դիմել էր ՍԴ՝ հիմնավորելով, թե 2004 թ.-ից հետո Հայաստանում երկու անգամ Սահմանադրություն է փոխվել:
2023 մարտի 24-ին Բարձր դատարանը սահմանադրական էր ճանաչել այդ կանոնադրությունը: Սահմանադրական դատարանի որոշումից հետո կառավարությունը երեք ամիս ունի՝ Հռոմի ստատուտը Ազգային ժողովին ներկայացնելու համար:
Նախորդ ամիս կառավարությունից լրատվամիջոցներին հայտնել էին, որ Հռոմի ստատուտն առաջիկայում կներկայացնեն Ազգային ժողով՝ չհստակեցնելով կոնկրետ ժամկետը: