Չնայած շրջափակման խնդիրներին՝ Ստեփանակերտի գրադարանները շարունակում են գործել

22 Հունիսի 2023, 23:45

Կրթություն

Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի ընթերցողների թիվը կտրուկ աճել է:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հանրապետական գրադարանի մեթոդիստ Նաիրա Խաչատրյանը մանրամասնել է, որ ընթերցողները մեծամասամբ դպրոցականներ են, ովքեր հիմնականում օգտվում են ծրագրային գրականությունից՝ Նար-Դոս, Ալեքսանդր Շիրվանզադե, Ակսել Բակունց:

Նրա խոսքով՝ մեծահասակները նախընտրում են պատմական, իսկ երիտասարդները սիրային թեմատիկայով կամ հոգեբանական գրականություն։

Մանուկների կողմից հատկապես պահանջված են Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի հեքիաթները, ինչպես նաև Եզոպոսի, Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու առակները: Մեծահասակների նախապատվության եռյակում Րաֆֆու, Հրանտ Մաթևոսյանի, Ակսել Բակունցի գրքերն են: