Առևտրի շրջանակներում Հայաստանին ճնշելու համար Ադրբեջանը խաղարկում է բոլոր խաղաքարտերը. Անդրեյ Նիկուլինը՝ Բաքվի՝ Վաշինգտոնում հանդիպումից հրաժարվելու մասին
17 Նոյեմբերի 2023, 20:25
Ռուս քաղաքագետ Անդրեյ Նիկուլինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից Բաքվի հրաժարումը և նոր էսկալացիայի հնարավորությունը:
«Տվյալ դեպքում տեղի է ունենում ինչ-որ անդրկուլիսյան մշտական առևտուր և բանակցություններ տարբեր տեղերում։ Այն, ինչ մենք տեսնում ենք, այդ բոլոր հայտարարությունները, ընդամենը մեզ անհայտ այդ սակարկության պահն է, որը միաժամանակ տեղի է ունենում և՛ Մոսկվայի, և՛ Բրյուսելի, և՛ ԱՄՆ-ի մասնակցությամբ։
Հավանականությունը, որ կոնկրետ պահին Ալիևը կորոշի նորից սկսել հակամարտության էսկալացիան, մեծ չէ, թեկուզ այն պատճառով, որ ձմռանը լեռներում կռվելն այնքան էլ հարմար չէ։ Սա ինչ-որ նախապատրաստություն է գարնան համար, և էսկալացիայի մասին խոսակցություններն ուղղակի ցույց են տալիս, որ առևտրի շրջանակներում Ադրբեջանը խաղարկում է բոլոր խաղաքարտերը՝ և՛ բանակցային, և՛ ուժային ճնշումների սպառնալիքը։
Բայց սա ընդամենը մեկ առանձին դրվագ է: Նման դեպքեր եղել են և կլինեն, և իրականում այս իրավիճակից որևէ կոնկրետ եզրակացություն հնարավոր չէ անել, քանի որ կարող է տեղի ունենալ հանդիպում ֆորմալ հաշտեցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերի ստորագրմամբ, և միևնույն ժամանակ նման հաղորդագրությունները, իրադարձությունների դանդաղ զարգացումը կարող են շարունակվել բավականին երկար ժամանակ: Այս պահին Հայաստանին խաղաղությունն ավելի անհրաժեշտ է, իսկ Ադրբեջանը վայելում է այն, որ բոլոր հայացքներն ուղղված են դեպի իրեն և բոլորը պահանջում են ինչ-որ պատասխան։ Մնում է սպասել և հետևել», — ասել է փորձագետը։