«Չպետք է հաշտվենք Արցախի կորստի հետ, պիտի պայքարենք ու հետ բերենք». Alpha News-ի հարցումը
13 Դեկտեմբերի 2023, 18:16
Alpha News-ը հարցում է անցկացրել ԱՄՆ-ում` պարզելու, թե ինչ կարծիք ունեն մեր հայրենակիցները՝ արդյոք պետք է հաշտվել Արցախի կորստի հետ, թե ոչ.
«Չպետք է հաշտվենք Արցախի կորստի հետ, պիտի պայքարենք ու հետ բերենք: Եթե հաշտվենք, ուրեմն կորցրել ենք, եթե չենք հաշտվում, ուրմեն ինչ-որ շանս կա հետ բերելու»,- ասել է հարցվածներից մեկը:
Կարծիք է հնչել նաև, որ էլ չենք կարողանա հետ բերել Արցախը.
«Ինձ թվում է՝ չենք վերադարձնի Արցախը, կորցրել ենք, կորստի հետ հաշտվելու համար էլ ուղղակի ժամանակ է պետք»,- ասել է մի տղամարդ:
Գրեթե բոլոր հարցվածները վստահ են՝ մենք Արցախը չենք կորցրել ու համոզված են՝ մեր հողերը կկարողանանք վերադարձնել.
«Կարծում եմ՝ չենք կորցրել Արցախը, չեմ ընդունում դա, դեռ լավատես եմ: Իմ կարծիքով՝ արցախցիները կվերադառնան իրենց տները, որովհետև մեր հայկական հողերն են դրանք, ինչքան էլ այսօր մեր սահմանում չեն համարվում, բայց մերն են, մեր սուրբ հողերն են»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը:
Պարգև Սրբազանի կարծիքով՝ երբ լիովին հավատանք Աստծուն, ոչ միայն Արցախը հետ կբերենք, նաև Ուտիքը, Նախիջևանը.
«Ես հույս և հավատ ունեմ, որ մի օր մենք Արցախ վերադառնալու ենք, դա սրբազան հող է, 5000 տարի արցախցիք ապրել են ու երբևիցե չէին լքել, այնտեղ բազմաթիվ սրբերի մասունք կա ու ամեն քառակուսի մետրի վրա հայոց նահատակների արյունն է, արդեն հողը սրբացած է: Մեզ մեկ բան է պետք անել՝ արժանի լինել, որ Աստված նորից վերադարձնի մեզ այնտեղ: Երբ Շուշին ազատագրեցինք, երբեք չպիտի մոռանայինք, որ սա մի հրաշք է, որ Աստված տվել է, շատ մարդիկ, որ կարևոր դեր չէին կատարել այդ գործում, հպարտանում էին և ասում՝ ես եմ Շուշին գրավել, իսկ այդ ճակատամարտի ղեկավարները երբեք այդպիսի բան չէին ասում: Մենք պիտի խոնարհ ու համեստ լինենք, միշտ հիշենք Աստծո դերակատարությունը: Երբ դրան հասնենք, և՛ Արցախ, և՛ Նախիջևան, և՛ Ուտիք հետ կբերենք»,- նշել է Սրբազանը: