Չռազմականացված ԵՄ առաքելությունը չի կարող վատ ազդեցություն ունենալ. Արամ Գևորգյան
30 Հունվարի 2025, 21:30
Հունվարի 29-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է բանաձև, որով վերահաստատել է Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս հայ գերիներին ազատ արձակելու կոչը։ Վեհաժողովը նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների առնչությամբ․
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի լրատվական կապերի պատասխանատու Արամ Գևորգյանի հետ:
«Այս հարձակողական վերաբերմունքը Ադրբեջանի դեմ, և Հայաստանի նկատմամբ ավելի դրական վերաբերմունքը շատ լավ փոփոխություն է: Մեր գրասենյակը և Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակեն խստորեն պնդել Ադրբեջանի ժողովրդավարական հետընթաց վիճակը: Մենք շարունակում ենք բարձրացնել Բաքվում պահվող գերիների հարցը: Օրինակ` անցյալ շաբաթ Ռուբեն Վարդանյանի դատավարությանը նրան վերագրում էին մեղադրանքներ, որոնց հետ նա բնավ կապ չունի: Մենք այդ ամենը ներկայացնում ենք Եվրոպական խորհրդարանին և վեհաժողովին և պնդում, որ այս ողջ դատավարությունը կեղծ է»,- նշել է Գևորգյանը:
Խոսելով Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատի երկարաձգման մասին՝ նա ընդգծել է.
«Մենք դրական ենք վերաբերվում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգմանը, հատկապես, որ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր արել, նկարել էր դիտորդներին և հարձակողական վերաբերմունք ցուցաբերել: Ադրբեջանը դժգոհ է դիտորդներից, քանի որ իրենց նախորդ ռազմական գործողությունների ընթացքում միշտ ասել են՝ մեղավորությունը Հայաստանինն է: Ալիևի կողմից շարունակվում են սպառնալիքները, իսկ ԵՄ-ի միջոցով Ադրբեջանի ցանկացած ռազմական շարժի դեպքում ինֆորմացիա կլինի: Չեմ կարծում, թե մի խումբ մարդիկ, որոնք իրենցից ռազմական վտանգ չեն ներկայացնում, բացասաբար անդրարադարձ ունենան Հայաստանի վրա»: