Ծիծաղելի է Թրամփի ասածը, իսկ եթե նա Սպիտակ տանը չլինի, ո՞ւմ ենք զանգելու խնդրի դեպքում. Կարեն Իգիթյան
14 Օգոստոսի 2025, 20:10
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը պնդում է, որ Հայաստանը ոչինչ չի շահել Վաշինգտոնում Թրամփի, Փաշինյանի և Ալիևի հետ ստորագրած հռչակագրով, որով, փաստացի, Բաքուն անխոչընդոտ ճանապարհ է ստանալու Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան գնալու համար:
«Թրամփի ասածը, եթե ինչ-որ խնդիր առաջանա, զանգեք ինձ, ծիծաղելի է: Իսկ եթե Վաշինգտոնում Թրամփը չլինի, ո՞ւմ ենք զանգելու այդ դեպքում: Եթե ստեղծվի այդ միջանցքը, որն իրենք խոստանում են, որ կլինի Հայաստանի ինքնիշխանության ներքո, հարցեր են առաջանում, օրինակ՝ լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ հայկական մաքսայիններ, սահմանապահներ չեն կանգնելու, այսինքն՝ լինելու է ադրբեջանական մաքսակետ: Այստեղ կա անհամաչափության խնդիր, Բաքուն անելու է ինչ-որ բան և դա ստացվելու է իր մոտ, ինչպես եղավ նոյեմբերի 9-ի հայտարարության հետ, իսկ Հայաստանը ոչ մի բան չի ուզում անել և չի էլ կարող, որովհետև ուժային և քաղաքական անհամաչափություն կա: Օրինակ, եթե ինչ-որ խնդիր առաջանա ու ադրբեջանցի վարորդները բողոքի ակցիա անեն ու փակեն Հայաստան-Իրան ճանապարհը, ի՞նչ են անելու Երևանը, Բաքուն և Վաշինգտոնը, սա հարց է, որի պատասխանը չկա: Կա Արցախի նախադեպը, որտեղ Բաքուն «բնապահպանների» միջոցով ճանապարհ փակեց, շրջափակեց Արցախը, նույն բանը փորձելու են այստեղ անել»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Կարեն Իգիթյանը:
Փաշինյանի, Ալիևի և Թրամփի միջև ստորագրված այդ հռչակագրով սահմանվում է, որ Հայաստանն աշխատելու է ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի» հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ «Թրամփի ուղին» ըստ Կարեն Իգիթյանի, այսպես կոչված միջանցքն է, որը պահանջում են Բաքուն և Անկարան:
«Բաքուն տարբեր հարթակներում ասում էր՝ աննորմալ է, որ երկրի մի մասից մյուս մասը մենք պետք է սահմաններ անցնենք, իսկ հենց ստորագրվեց այս հռչակագիրը, Ալիևը դուրս եկավ ու շնորհակալություն հայտնեց Թուրքիային, որ սատարել է: Մյուս կողմից Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ սրանով թուրքական ճանապարհ է բացվում դեպի Միջին Ասիա: Սա իրականում այդ մեծ թուրանական ճանապարհն է, որը դեռ 2020 թվականի պատերազմից հետո Իրանում անվանում էին ՆԱՏՕ-ական թուրանական միջանցք, որն իրականացավ»,- նշեց փորձագետը:
Վաշինգտոնյան բանակցություններից հետո Իրանում Հայաստանով անցնող միջանցքի հետ կապված հակասություններ կան գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականի և Իրանի նախագահի հայտարարությունների մեջ: Պաշտոնական Թեհրանը միշտ հայտարարել է, որ Իրանը դեմ է եղել Հայաստանի տարածքով անցնող արտատարածքային միջանցքին և Հարավային Կովկասի տարածաշրջանում արտաքին ուժերի միջամտությանը։ Հիմա փորձագետները բարձրաձայնում են Իրանի նախագահի՝ գերագույն հոգևոր առաջնորդի սահմանած կարմիր գծերից նահանջելու մասին:
«Իրանի ներսում պառակտում կա, մի մասն ասում է՝ սենց բան պետք է թույլ չտանք, որովհետև Արևմուտքը մեր դեմ է, մյուս մասն ասում է՝ բայց ինչու է Արևմուտքը մեր դեմ, եկեք իրենց հետ խոսենք, հարցերը լուծենք և այդ միջանցքը մեզ համար այլևս խնդիր չի լինի: Այս հարցում իրենք ներքին բախում ունեն, թե որ խումբը այնտեղ կհաղթի, դա Հայաստանի համար շատ կարևոր է»,- հավելեց Կարեն Իգիթյանը: