Ծիրան՝ «վարունգի գնով». ֆերմերը ներկայացնում է գնանկման պատճառները

28 Հունիսի 2023, 17:06

Տնտեսություն և Բիզնես

Այս տարի հայկական ծիրանը շուկայում բավականին մատչելի է, հատկապես, եթե գինը համեմատենք նախորդ տարիների հետ: Արդյո՞ք ծիրանի ցածր գինը, բացի ուրախանալու առիթից, նաև մտահոգության առիթ չէ: Ո՞րն է պատճառը, որ ծիրանը լոլիկի կամ վարունգի գին ունի: Alpa News-ի հետ զրույցում գործարար-ֆերմեր Հարություն Մնացականյանն ասում է՝ այս տարի հայկական ծիրան կարելի է գտնել մինչև 200 դրամով: Պատճառը ծիրանի մթերման խնդիրներն են, որոնց մասին ֆերմերը դեռ մայիս ամսից է խոսել: Որպես ծիրանի գնի անկման հիմնական պատճառ, Մնացականյանը նշում է նաեւ արտաքին գործոնը՝ Ուզբեկստանը սելեկցիա է կատարում, բարելավելով ծիրանի սորտերը:

«Աշխատում է մեր երևանյան «շալախ» սորտի վրա, և նրանք ստացել են այդ սորտը: Այս տարի այն բերք է տվել: Ուզբեկահայկական շալախըիրենք վաճառքի հանելուց այդպես էլ գրում են ՝ «հայկական շալախ Ուզբեկստանից»,-ասում է մասնագետը:

Հարություն Մնացականյանը զգուշացնում է՝ շուտով «հայկական» բառն էլ կհանվի, կմնա միայն «Ուզբեկստանի շալախ»-ը: Գործարար-ֆերմերի խոսքով, այդ ուզբեկական ծիրանի մեծածախ գինը Ռուսաստանում 90-100 ռուբլի է, մեր արժույթով՝ 360-400 դրամ: Հարություն Մնացականյանի խոսքով, դա չափազանց էժան է:

«Մեր արտահանողները այդ գնային սեգմենտի մեջ չեն կարողանալու տեղավորվել: Այս սեզոնին, երբ արտահանումները սկսվում են, բեռնատարների տեղափոխման արժեքը բարձրանում է և հասնում մինչև 7000 դոլարի»,-ասում է ֆերմերը:

Նրա խոսքով, հայկական ծիրանի ինքնարժեքը, այսպիսով, առնվազն 170 դրամով թանկանում է միջազգային, մասնավորապես, ռուսական շուկայում դառնալով ոչ շահեկան:

«Լավագույն դեպքում, արտահանողը գյուղացուց հավաքի 200 դրամով՝ արդեն ավելի թանկ է նստում, քան ուզբեկական համանման շալախը»,-նկատում է նա:

Ֆերմերը զգուշացնում է՝ գյուղացին փաստի առաջ է կանգնած.

«Անցած տարի մեր բախտը բերեց, բայց մենք չկարողացանք ճիշտ կողմնորոշվել, Ուզբեկստանում ցրատահարություն եղավ, ծիրան չկար այդ տարի, սակայն մենք չկարողացանք առիթից օգտվել»:

Գործարար-Ֆերմերի խոսքով՝ միակ տարբերակը հայկական ծիրանի բրենդավորումն է, այն պետք է դարձնել ապրանքանիշ: Նրա համոզմամբ՝ «լավ ապրանքը գետնին չի մնում» արտահայությունը արդեն չի աշխատում, պետք է ճիշտ գովազդել այն: Մասնագետը նշում է՝ հայկական ծիրանի ոչ թե հիմնական, այլ կարելի է ասել, միակ արտահանման երկիրը Ռուսաստանն է: Փոխարենը, Ուզբեկստանը բավականաչափ սուբսիդիաներ է տրամադրում օդային բեռնափոխադրումների համար, մինչդեռ Հայաստանը առհասարակ սուբսիդիաներ չի տրամադրում:

Հիմա եթերում