«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները Մոսկվայում հնչեցրել են Արցախի ձայնը

28 Հոկտեմբերի 2025, 16:45

Մշակույթ

Հոկտեմբերի 24-ին Մոսկվայի Հայկական մշակույթի ակադեմիայում կայացել է «Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտների համերգը, որի ընթացքում նրանք իրենց կատարումներով հնչեցրել են Արցախի ձայնը և ներկայացրել հայկական մշակույթի ոգին Մոսկվայի հայ համայնքին։

Միջոցառումն իրականացվել է ծրագրի հավատարիմ բարեկամ Սյուզի Այրումյանի շնորհիվ, որի անսահման նվիրումն ու հոգատարությունը հնարավորություն են տվել արցախցի պատանիներին ներկայանալ միջազգային բեմում։

«Ես ինքս արցախցի եմ և միշտ փորձել եմ օգտակար լինել իմ հայրենակիցներին՝ ընկերներիս աջակցությամբ։ Երբ Սերգեյ Սմբատյանից տեղեկացա այս ծրագրի մասին, այն անմիջապես գրավեց ինձ իր գաղափարով․ երեխաները աշխարհի տարբեր բեմերից կհնչեցնեն «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։ Շատերը կորցրել են իրենց տները, բայց եթե մենք ուժեղ լինենք մեր մշակույթով և պահպանենք մեր արմատները, վստահ եմ՝ Արցախը միշտ կապրի։

Շնորհակալություն եմ հայտնում միջոցառման բոլոր մասնակիցներին, Մոսկվայի Հայկական մշակույթի ակադեմիայի հիմնադիր Վարդուշ Կարևային, ինչպես նաև բոլոր աջակիցներին։ Վստահ եմ՝ երբ այս երեխաները տարբեր հարթակներից կհնչեցնեն «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը, Ձեր անուններն էլ կդառնան այս պատմության մի մասը։ Յուրաքանչյուր աջակցություն չափազանց կարևոր է երեխաների համար։ Շնորհակալություն Սերգեյ Սմբատյանին՝ այս հրաշալի ծրագրի նախաձեռնության համար։ Խնդրում եմ՝ շարունակել և ավարտին հասցնել այն նպատակը, որն ի սկզբանե դրվել է»,- նշել է Սյուզի Այրումյանը։

Ծրագրի հեղինակն ու նախաձեռնողը՝ դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանն իր խոսքում ընդգծել է ծրագրի գաղափարի խորությունը․

«Այս ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել դժվարությունների միջով անցած պատանի երաժիշտներին, որոնք անկեղծորեն սիրում են երաժշտությունը, ստանալու կայուն կրթություն և հնչելի դարձնելու իրենց արվեստը։ Ես, որպես նրանց կոլեգա, իմ պարտքն եմ համարում բարձրաձայնել, որ այս երեխաները մեր հավատքի և աջակցության կարիքն ունեն։ «Ես ծնվել եմ Արցախում» արտահայտությունը պետք է ճանաչելի դառնա ողջ աշխարհում»։

«Արվեստ23» ՀԿ-ի նախագահ Աննա Տեր-Հովակիմյանը նշել է, որ ծրագրում ընդգրկված են 23 արցախցի պատանի երաժիշտներ, որոնց յուրաքանչյուր ելույթը նպաստում է ոչ միայն կրթական, այլև հոգևոր վերածնունդի գաղափարին․

«Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք այնպես անել, որ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը հնչի աշխարհի լավագույն բեմերից՝ մեր երեխաների շնորհիվ։ Դա հնարավոր է միայն այն մարդկանց շնորհիվ, որոնք հավատում են նրանց և կանգնած են ծրագրի կողքին։ Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին ու աջակիցներին՝ այս ճանապարհին մեր կողքին լինելու համար»։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ծրագրի վեց սան՝ Ալեքսանդր Հայրապետյանը (ջութակ), Մարիա Ավանեսյանը (դաշնամուր), Նվեր Բաղդասարյանը (կոնտրաբաս), Ռոման Ավանեսյանը (կլառնետ), Սյուզաննա Ղուլյանը (ջութակ) և Վլադիմիր Գալստյանը (դաշնամուր)։ Նրանք կատարել են Չայկովսկու, Շուբերտի, Ռախմանինովի, Դիմլերի, Էդուարդ Բաղդասարյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Հանդիսատեսը ջերմորեն ընդունել է պատանի երաժիշտների տպավորիչ ելույթները, որոնց կատարումները հուզել են ներկաներին։

Մոսկվայում գտնվելու ընթացքում երեխաները նաև այցելել են Մոսկվայի տեսարժան վայրեր, իսկ Մոսկվայի միջազգային երաժշտական տանը հնարավորություն են ունեցել լսելու Վագների և Չայկովսկու ստեղծագործությունները՝ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։

Միջոցառումը կայացել է մի շարք հայկական ընկերությունների աջակցությամբ, որոնց թվում էին «Ararat Park Hotel Moscow», «Gayane’s Restaurant», «Café Ararat Moscow», «Galereya Gradusov», «Ijevan Russia» և «KaTaro Wine»։

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին

«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը, և այն իրականացնում է «Արվեստ23» հասարակական կազմակերպությունը։

Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին՝ Արցախի բռնի տեղահանումից հետո։ Նպատակն է՝ ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

«Ծնվել եմ Արցախում» ծրագրում ընդգրկվել է 23 երեխա, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։

Հիմա եթերում