COP29-ի դեմ բողոքի ակցիա՝ Մոնրեալում

12 Նոյեմբերի 2024, 13:15

Հայեր | Քաղաքականություն

Կանադայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մոնրեալում, իրականացվել է ակցիա՝ ընդդեմ Ադրբեջանում անցկացվող COP29-ի։

Բաքվում Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 29-րդ համաժողովի (COP 29) մեկնարկից 24 ժամ էլ չանցած, մի քանի տասնյակ ակտիվիստներ Մոնրեալում իրենց դժգոհությունն են արտահայտել ընդունող երկրի ընտրության վերաբերյալ:

Ակցիայի նպատակն էր բոյկոտել Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության հեղինակավոր համաժողովը, իսկ մասնակցող պատվիրակներին կոչ անել բարձրաձայնել Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմական ղեկավարության ազատ արձակման հարցը:

Երիտասարդներն իրենց բողոքն արտահայտել են ոչ թե ավանդական երթերով և կարգախոսերով, այլ արվեստի միջոցով։ Նրանք նշել են՝ ընտրվել է արվեստը, քանի որ «այն ուշադրություն է գրավում»:

Ակցիայի մասնակիցները «Genocide» (ցեղասպանություն) և արցախահայերի իրավունքները պաշտպանելու մասին գրություններով մեծ պաստառներ են պարզել «Պլաս-դեզ-Առ» բազմաբնույթ մշակութային կենտրոնի մուտքի մոտ: