COP29-ին բացահայտվեցին Ալիևի բռնաճնշումները հայ գերիների և սեփական ժողովրդի նկատմամբ. Եղիսաբեթ Չուլջյան

26 Նոյեմբերի 2024, 22:30

Քաղաքականություն

Հայ դատի հանձնախումբն ամեն բան արել է, որ COP29-ի ընթացքում հայ գերիների վերադարձի թեման արժանանա համաշխարհային ուշադրության: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ANCA հասարակության հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը:

«COP29-ը գրավելու և իր խնդրանքները կեղծ բնապահպանական, դրական պատկերով ներկայացնելու Բաքվի փորձը հակառակ ազդեցություն ունեցավ՝ ի հայտ բերելով Ալիևի վարչակարգի կաշառակերությունը, շարունակական հարձակումներն Արցախի, Հայաստանի նկատմամբ և բռնաճնշումները ոչ միայն սեփական ժողովրդի, այլև առնվազն 23 հայ գերիների նկատմամբ: Այս մարդիկ, որոնց մեջ են նաև Արցախի ղեկավարությունը, շարունակում են տանջանքներ կրել ադրբեջանական բանտերում: Եվ Հայ դատի հանձնախումբն, աշխատելով մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ, ամեն բան արեց, որ COP29-ի ընթացքում աշխարհի բոլոր հատվածներում այս թեման արժանանա համաշխարհային ուշադրության».- նշել է Չուլջյանը:

Խոսելով վերջին շրջանում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի իրականացրած աշխատանքների մասին՝ նա ընդգծել է.

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը վերջին օրերին աշխատել է ԱՄՆ սենատոր էդ Մարքիի և կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ, ինչի արդյունքում 60-ից ավելի կոնգրեսականներ կոչ էին ուղղել ԱՄՆ ԱԳՆ-ին, որ COP29-ի շրջանակներում ճնշում գործադրեն Ադրբեջանի նկատմամբ և վերջինս ազատ արձակի հայ գերիներին, որոնց մեջ կլինեն նաև Արցախի ղեկավարները: Այս ամենի հետ մեկտեղ պետք է աշխատանքներ տարվեն նաև, որ էթնիկ զտման ենթարկված արցախցիները հնարավորություն ունենան ապահով վերադառնալ իրենց պատմական հողեր: Սակայն այս ամենի փոխարեն Ադրբեջանի կառավարությունը շարունակում է սպառնալ Հայաստանին: Եվ COP29-ի շրջանակներում պետք է նաև այդ հարցը բարձրացվեր, ու մենք տեսանք, որ նման բողոքի կոչեր հնչեցին:

Օրինակ՝ Ֆրանսիան իր հստակ տեսակետը հայտնեց Արցախի հարցի վերաբերյալ, բնապահպանական թեմաներով, ինչպես նաև Ադրբեջանի կառավարության հնչեցրած սպառնալքիների վերաբերյալ: Գերմանիան ևս անդրադարձավ խնդրին, Եվրոպական խորհրդարանը ևս իր հստակ պահանջներն ու ակնկալիքները ներկայացրեց Ադրբեջանին»: