Ծովակալ Իսակովի 130-ամյակին նվիրված ֆիլմ՝ «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախաձեռնությամբ
18 Սեպտեմբերի 2024, 20:30
Ֆիլմի ցուցադրությունը օրերս տեղի ունեցավ Մոսկվայի Հաղթանակի թանգարանում։
Մտահղացման հեղինակները նման նախաձեռնությունը կարևորում են հատկապես ապագա սերունդների համար։
Երիտասարդները պետք է տեղեկացված լինեն նման նշանավոր պատմական դեմքերի մասին և երազեն կրկնել նրանց փառքի ճանապարհը։
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը վավերագրական ֆիմների շարք է իրականացնում հայազգի ռազմական գործիչների մասին։ Ծովակալ Իսակովի մասին պատմող ֆիլմը թվով հինգերորդն է այդ շարքից։
Իսակովի անցած փառահեղ ուղուն և վառ դրվագներով լի կյանքին վերաբերող բազմաթիվ տեղեկություններ տեղ չեն գտել ֆիլմում՝ ժամանակի սահմանափակության պատճառով։
Խորհրդային Միության հերոս, ծովակալ Իսակովը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ԽՍՀՄ ռազմածովային պատմության էջերում։
Իսակովի նկատմամբ հատուկ հարգանք ու վստահություն է ունեցել անձամբ Ստալինը։ Ֆիլմում տվյալ ժամանակաշրջանը հնարավորինս իրական վերարտադրելու նպատակով՝ ռեժիսորը երկար ժամանակ է աշխատել արխիվների հետ։
Իսակովի կենսագրությունը վկայում է, որ նա եղել է բացառիկ կամքի տեր անձնավորություն։
Մեծ Հայրենականի ժամանակ նա կորցրել է ոտքը և հրաշքով ողջ մնացել։ Դա չի խանգարել նրան շարունակել ծառայությունը։
Իսակովը, ռազմական գործից բացի, հրաշալի տիրապետել է գրչին։ Նա 150-ից ավելի պատմական հոդվածների հեղինակ է։
Քչերը գիտեն, որ ԽՍՀՄ հերոս, ծովին սիրահարված Իսակովը տառապել է ծովային հիվանդությամբ։ Նրան բազմիցս են համոզել խնայել առողջությունը և ընտրել այլ ճանապարհ, սակայն՝ ապարդյուն։