Դա անհեթեթություն է․ Արման Աբովյանը՝ Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով կասեցնելու որոշման մասին
20 Դեկտեմբերի 2023, 23:10
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը Alpha News-ի ուղիղ եթերում Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով կասեցնելու որոշումը անհեթեթություն է համարում։
«Իբր «Սպուտնիկ»-ի եթերում գտել են ինչ-որ խախտումներ։ Դա անհեթեթություն է։ Օրինակ, Աբովյան Time պոդքաստի մասով հետևյալն էր ասվում՝ խուճապ է տարածվում և չստուգված տեղեկություն է տրամադրվում։ Այս պարագայում կարող եմ ասել մի բան՝ ունեմ վատ նորություն իշխանությունների համար։ Ես հիմնվել եմ, հիմնվում եմ և հիմնվելու եմ այն տեղեկության, ճշմարտության վրա, որը դուք եք արտաբերում։ Եթե ձեր տեղեկությունը առաջացնում է խուճապ, եթե այն սուտ է, ապա մի արտաբերեք, որ մենք էլ չվերլուծենք»,- ասել է Արման Աբովյանը։
Նրա որակմամբ՝ իշխանությունների այս քայլը գրաքննության ամենաուղիղ դրսևորումն է։
«Սա լրիվ հակահայկական տրամադրության մեջ է տեղավորվում։ Լրատվական դաշտում սա, ըստ էության, ցենզուրայի ամենաուղիղ դրսևորումն է, համաձայն որի՝ ունենք մի իրավիճակ, երբ այլախոհների համար փորձում են ուղղակի պայման ստեղծել, որ չխոսեն։ Մի հաշվարկ պարզապես սխալ են արել։ Մենք հիմա ապրոմ ենք մի ժամանակաշրջանում, երբ շատ դժվար է տեխնոլոգիաներով լռեցնել մարդկանց, որոնք ուզում են միտք արտահայտել»,- նշել է մեր զրուցակիցը։
Աբովյանը կես կատակ, կես լուրջ՝ իշխանություններին շնորհակալություն է հայտնում՝ ասելով, որ այդ որոշումից հետո իր հեղինակային հաղորդման դիտումներն ավելացել են։