Դա ցեղասպանություն է. Աբբաս Ջուման՝ Սիրիայում տիրող իրավիճակի մասին

11 Մարտի 2025, 20:30

Քաղաքականություն

Ռուս լրագրող-միջազգայնագետ Աբբաս Ջուման Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին, այն լուրերին, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով շտապ փակ խորհրդակցություններ անցկացնել Արևմտյան Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև՝ Իրանի դիրքորոշմանը Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ բանակցությունների վերաբերյալ:

«Սիրիայի նոր իշխանությունը և նրա համակիրները փորձում են ամեն կերպ հեռու մնալ այդ կոտորածից, փորձում են դա աշխարհին ներկայացնել որպես ոչ թե վերևից իջեցված, այլ հեռավոր գյուղերի մակարդակով տեղի ունեցող մի բան, որտեղ չկա կենտրոնական իշխանության այդքան լուրջ վերահսկողություն։ Եվ, ընդհանուր առմամբ, կենտրոնական իշխանությունը դա կկարգավորի և կպատժի մեղավորներին։ Բայց դա, իմ կարծիքով, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ պաշտոնական իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի այդ տրամադրություններն, այդ մարդիկ ծաղկեն ու գործեն բացարձակ անպատժելիության պայմաններում։

Ավելին, այսօր ցեղասպանության ժամանակ, երբ մարդիկ դիմում են հենց այս նոր իշխանությանը, լավագույն դեպքում ստանում են անտարբեր պատասխան՝ «մենք ոչինչ չենք կարող անել»։ Դա, իրոք, ցեղասպանություն է, դա զանգվածային սպանություն է դավանաբանական ատելության հողի վրա, որը տեղի է ունենում արդեն դարեր շարունակ, և ամեն ինչ սկսվել է Ասադից շատ առաջ»,- ասել է Ջուման:

Փորձագետը հիշեցրել է Թուրքիայի հետ Սիրիայի գործող իշխանությունների սերտ կապի մասին։

«Ներկայիս իշխանությունը լիովին կապված է Թուրքիայի հետ։ Թուրքերը նախաձեռնեցին այս արշավը դեպի Դամասկոս, և երկար տարիներ ահաբեկիչներ էին պատրաստում Իդլիբի տարածքում։ Հիշեցնեմ, որ Իդլիբը կոչվում էր «դեէսկալացիայի գոտի»։ Դա Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պայմանավորվածությունների արդյունքն էր, և այդ երկրներից յուրաքանչյուրը հենց այդ դեէսկալացիայի ապահովման երաշխավորն էր։ Բայց թուրքական գոտում, որտեղ Անկարան երաշխավորն էր, զենքը ոչ միայն չի պակասել, այլև բազմապատիկ շատացել է։ Մարդիկ շատ ավելի ագրեսիվ են դարձել։ Դա տոտալ օկուպացիա էր։ Կային թուրքական ինստիտուտներ, թուրքերեն լեզու, թուրքական ստանդարտներով թուրքական դպրոցներ, ամեն ինչ թուրքերեն էր։ Նրանք յուրացրել են այդ տարածքը և դրանից պլացդարմ են սարքել՝ այդ ահաբեկիչներին պատրաստելու համար։ Այնտեղ, հիշեցնեմ, կային հարյուր հազարավոր մարդիկ», — նշել է Ջուման։

Փորձագետի խոսքով՝ լուրերն այն մասին, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով շտապ փակ խորհրդակցություններ անցկացնել Արևմտյան Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ, խոսում է այն մասին, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այլ մակարդակի վրա են:

«Դա իսկապես զարմացնում է, բայց զարմացնում է այնպես, ինչպես Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի հետ կապված բոլոր վերջին իրադարձությունները։ Ես չեմ կարող դատել այս դրվագը՝ մոռանալով բանակցությունների, օվալաձև կաբինետում Թրամփի և Զելենսկու (Ուկրաինայի նախագահ) լեգենդար վեճի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի վերաբերյալ քվեարկության մասին։ Որովհետև առաջին անգամ Ամերիկան Ուկրաինայի դեմ դիրքորոշում ընդունեց հրապարակավ, ի դեպ, Իսրայելի հետ միասին, իսկ հետո սեփական բանաձևն ընդունեց, և դրանում Ռուսաստանը որպես ագրեսոր չհայտնվեց, և մենք աջակցեցինք այդ բանաձևին։ Այս բոլոր իրադարձություններն աննախադեպ են իր համատեքստում։ Մենք Բայդենի (ԱՄՆ նախկին նախագահ) օրոք ընդհանրապես չէինք շփվում, լիակատար լռություն էր։ Իսկ հիմա ոչ միայն շփվում ենք, այլև ինչ-որ որակական մակարդակի ենք հասնում, բայց պետք չէ գայթակղվել», — ասել է Ջուման։

Նա նաև մեկնաբանել է ԵՄ-ի տարօրինակ արձագանքն Արևմտյան Սիրիայում ալավիների և քրիստոնյաների կոտորածին. Բրյուսելը փաստացի շրջանցել է այդ թեման՝ մեղադրելով միայն Ասադի կողմնակիցներին Սիրիայի նոր իշխանության անվտանգության ծառայությունների վրա հարձակման մեջ:

«Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա իր ներկայիս տեսքով՝ այն էլիտաների հետ է, որոնք այնտեղ առկա են գռեհիկ, հակառուսական, ռուսատյաց դիրքորոշմամբ և, ընդհանուր առմամբ, դրական է ընկալում այն ամենն, ինչն այս կամ այն կերպ կարող է անհարմարություն պատճառել Ռուսաստանին։ Եվրոպացի առաջնորդները մինչ օրս ցնցված են Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թրամփի իշխանության գալուց: Գլոբալիստները, տեխնոկրատները, որոնք կենտրոնացած են Ռուսաստանի դեմ պայքարելու համար, հիմա այնքան էլ չեն հասկանում, թե ինչ պետք է անեն։ Նրանք խուճապի մեջ են։ Նրանք հասկանում են, որ տեղ չունեն բանակցությունների սեղանի շուրջ», — ընդգծել է Ջուման։

Նա նաև խոսել է Իրանում վերջերս տեղի ունեցած աղմկահարույց հրաժարականների մասին, մասնավորապես՝ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականից։

«Շատ իրանցիների կարծիքով՝ Զարիֆը և նրա թիմը զբաղվել են ուղղակի վնասելով և չեն գործել ի շահ Իսլամական Հանրապետության: Իրականում, թերահավատ վերաբերմունքը այդ մարդկանց հանդեպ Իրանում առկա է շատ-շատ վաղուց, և ոչ միայն պահպանողականների: Այսինքն՝ նրանց հանդեպ չկա վստահություն, և հրաժարականները, որոնք տեղի են ունեցել, տեղավորվում են և՛ այդ մարդկանց նկատմամբ ընդհանուր վերաբերմունքի տրամաբանության մեջ, որը նրանք հետապնդում են, այսինքն՝ դեպի Արևմուտքի հետ մերձեցում, դեպի բանակցային գործընթացներ։Եվ Իրանի բարձրագույն ղեկավարությունը չափազանց թերահավատորեն է տրամադրված այսօրվա Արևմուտքի և այսօրվա Ամերիկայի հետ ցանկացած բանակցային գործընթացի նկատմամբ», — եզրափակել է Ջուման։

Ինչ վերաբերում Է Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին և պատժամիջոցների վերացմանը, ապա, լրագրողի կարծիքով, Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, կախված չեն ո՛չ պատերազմից, ո՛չ խաղաղությունից:

«Իրանցիները բազմաթիվ անգամներ փորձելուց հետո եկել են այն եզրակացությանը, որ ԱՄՆ-ի հետ պայմանավորվելն անօգուտ է։ Դա չի նշանակում, որ իրանցիները հրաժարվել են բանակցություններից։ Նրանք ասել են, լավ, քանի որ ձեզ մոտ ամեն ինչ այնքան արագ է փոխվում, մենք կսպասենք, մինչև դուք իսկապես պատրաստ լինեք բանակցությունների։ Արևմուտքն, ընդհանրապես, այնպես է կառուցված և Իրանի հետ այնպես է վերաբերվում, որ Արևմուտքի հետ հարաբերություններ հաստատելու Փեզեշյանի և նրա թիմի աշխատանքն անպտուղ է, անարդյունավետ է, ուստի նրանց հեռացնում են աշխատանքից և այլն։

Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, կախված չեն ո՛չ պատերազմից, ո՛չ խաղաղությունից։ Պատժամիջոցների ճնշումը շարունակվում է, բոլոր կողմերը մերժում են միմյանց, բայց միևնույն ժամանակ ոչ ոք չի համարձակվում լուրջ ագրեսիա իրականացնել, ինչն, ընդհանուր առմամբ, որն ընդհանուր առմամբ կսանձազերծեր բավականին լուրջ մասշտաբի հակամարտություն։ Եվ դա կարող է տևել այնքան, որքան անհրաժեշտ է», — եզրափակել է Ջուման։