«Դա Հայաստանի ներքին գործն է»․ Զախարովան՝ Գյումրիում տեղի ունեցած ձերբակալությունների մասին

23 Հոկտեմբերի 2025, 15:31

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Գյումրիում տեղի ունեցած ձերբակալությունները:

Մոսկվայում, նրա խոսքով, ուշադիր հետևում են Գյումրիի իրավիճակին, որտեղ տեղակայված են ռուսական 102-րդ ռազմաբազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի մասնաճյուղը:

Զախարովան հիշեցրել է, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդը Գյումրուն օգոստոսին շնորհել է «1941-1945 թթ. աշխատանքային փառքի քաղաք» պատվավոր կոչումը:

«Մենք, իհարկե, խնամքով ենք վերաբերվում ռուս-հայկական հարաբերություններին, միշտ պաշտպանում ենք բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս մեր ժողովուրդների միջև ավանդական սերտ կապերի օգտին։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետի ձերբակալության գնահատականներին, ապա, անշուշտ, դա Հայաստանի ներքին գործն է։ Միաժամանակ նշում ենք, որ ավելի վաղ Վանաձորի, Բերդի, Գորիսի և այլ համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցվել էին քրեական գործեր, մի քանիսին ձերբակալել էին: Հույս ենք հայտնում, որ նման գործընթացները չեն հանգեցնի դատական իշխանության մասնատմանը ժողովրդից և նրա նկատմամբ վստահության անկմանը, ինչի մասին հենց Հայաստանի վարչապետն էր վերջերս խոսել։ Նա այդ մասին խոսել է հայկական ժողովրդավարության համաժողովում», — ասել է դիվանագետը՝ հավելելով, որ այս բոլոր հարցերն արդիական են՝ հաշվի առնելով, որ Հայաստանը մտնում է նոր ընտրական փուլ, քանի որ 2026 թվականի հունիսին նախատեսված են ԱԺ հերթական ընտրությունները։

Հիմա եթերում