Դա սադրիչ բնույթ է կրում. Պյոտր Կոլչինը՝ Հայաստանի հասցեին Ադրբեջանի նոր հայտարարության մասին
12 Դեկտեմբերի 2024, 21:30
Ռազմական փորձագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է լուրջ սահմանափակումներ կիրառել Հայաստանի վերազինման քաղաքականության վրա:
Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահի օգնականի նման հայտարարությունը կարելի է գնահատել որպես քաղաքական հարձակում։
«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը այժմ շատ անկանխատեսելի է և անկայուն, Ադրբեջանի պաշտոնյաների նման արտահայտություններն, իհարկե, շատ առումներով սադրիչ բնույթ են կրում։ Իհարկե, այստեղ օգտագործվում են բոլորովին ոչ կոռեկտ համեմատություններ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Իրաքի հետ։ Այս ամենը ոչ մի կերպ չի կարող կիրառվել Բաքվի և Երևանի փոխհարաբերությունների վրա։ Ադրբեջանի նախագահի օգնականի նման հայտարարությունը չի կարող դիտարկվել որպես այլ բան, քան քաղաքական հարձակում։
Հայաստանը որպես ագրեսորի և օկուպանտի երկիր համարելը ամպագոռգոռ խոսքեր են՝ քարոզչական ենթատեքստով։ Այս ամենը կարող է նախապատրաստություն լինել բանակցությունների հերթական փուլին, որում Երևանը կարող է ավելի թույլ դիրքեր ունենալ»,- ասել է Կոլչինը։
Ռազմական փորձագետի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խաղադրույքը Արևմուտքի հետ համագործակցության վրա իրեն չի արդարացնում:
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) հեռու մնալու Հայաստանի փորձերը խաթարում են նրա դիվանագիտական դիրքերը։ Եվ, իհարկե, հետագայում նման մոտեցումը կարող է բացասաբար անդրադառնալ Բաքվի և Երևանի միջև կարգավորման ողջ գործընթացի վրա։ Արևմուտքի հետ համագործակցության վրա Փաշինյանի խաղադրույքն իրեն չի արդարացնում, և Հայաստանը մնում է Բաքվի հետ մեն-մենակ։ Ռուսաստանը շարունակում է կարևոր կառուցողական ազդեցություն ունենալ տարածաշրջանում՝ փոքր-ինչ զսպելով Ադրբեջանին իր որոշումներում», — եզրափակել է Կոլչինը։