Դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ. Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել
18 Հունվարի 2024, 11:33
Ադրբեջանի խորհրդարանն արձագանքել է Ֆրանսիայի Սենատի կողմից Երևանի և Արցախի նկատմամբ Բաքվի քաղաքականության վերաբերյալ բանաձևի ընդունմանը՝ ընդունելով պատասխան բանաձև: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դրա ընդունմանը կողմ է քվեարկել 95 պատգամավոր, դեմ՝ 1 պատգամավոր։ Բանաձևում Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է, որ քանի դեռ Ֆրանսիայի կառավարությունը «միակողմանի երաշխիքներ չի տվել», նրան չպետք է թույլ տրվի մասնակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված նախաձեռնություններին և միջոցառումներին: Առաջարկվում է նաև այս հարցերի շուրջ որևէ քննարկում չվարել ֆրանսիացի պաշտոնյաների հետ:
Առաջարկվել է սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները դրանց հայտնաբերման դեպքում, թույլ չտալ ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը Ադրբեջանի պատվերով որևէ նախագծում, վերանայել ֆրանսիական ընկերությունների համագործակցությունը ադրբեջանական կողմի հետ էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև վերանայել Բաքվի և Փարիզի միջև առկա քաղաքական և տնտեսական հարաբերությունները:
Բացի այդ, միջազգային կազմակերպությունների շրջանակներում առաջարկվում է բարձրացնել Ֆրանսիայի «գաղութատիրության», «պատերազմական հանցագործությունների» հարցերը, Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում օրակարգ մտցնել «Ֆրանսիայի իսլամաֆոբ քաղաքականության հարցը», թյուրքական պետությունների կազմակերպությունների շրջանակներում օրակարգ մտցնել «Ֆրանսիայի թյուրքաֆոբիայի քաղաքականությունը»:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը: Բանաձևը պահանջում է նաև ԼՂ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիք։