Դադարեցվում է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը. Արթուր Աթաև
10 Հունվարի 2024, 22:10
Ռուս քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի առաջարկներում կա որոշակի հետընթաց խաղաղության պայմանագրի վերաբերյալ:
Փորձագետի խոսքով, ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը բոլորովին այլ դիրքորոշում ունեն խաղաղության պայմանագրի հարցում:
«Հայաստանն ու Ադրբեջանը բոլորովին այլ տեսլական ունեն ադրբեջանական և հայկական շահերի վերաբերյալ։ Եվ եթե հաշվի առնենք նրբությունները, ապա այդ հակասությունները ընդգծվում են ամենամեծ ակնհայտ բաղադրիչով։ Առաջին բաղադրիչը և առաջին խնդիրը միջանցքների խնդիրն է։ Թե որն է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը միջազգային գործընթացում մեկ դերակատարի համար, Ադրբեջանի համար հասկանալի է, իսկ թե ինչ է այն Հայաստանի համար՝ անհասկանալի»,- ասել է Աթաևը։
Նա նաև նշել է՝ եթե խոսեն հակամարտության խաղաղ կարգավորման մասին այն համատեքստում, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, ապա Ադրբեջանն ունի հարցի իր ընկալումը, որն ամբողջությամբ չեզոքացնում է հայկական գործոնն այդ տարածաշրջանում․ «Իսկ Հայաստանն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործոնը, ով ճանաչել է սահմանները հայտնի հանդիպման ժամանակ»։
«Հետընթացը, որի մասին խոսում է Միրզոյանը, ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ բաղադրիչ: Օբյեկտիվ գործոնը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը շարունակում է դիրքավորվել ոչ թե որպես պարտվող կողմ, այլ հավասարության ձգտող կողմ։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն ակնհայտորեն պարտվող կողմն է, և եթե դա չի հնչում Բաքվի հայտարարություններում, դա երևում է նրա գործողություններից։ Միրզոյանի հայտարարությունն ակնհայտորեն իրական բաղադրիչ ունի:
Ադրբեջանն ուզում է գերակայել, բայց կա ռուսական գործոնը, կա Եվրամիության գործոնը, և այս դերակատարները, այս արտաքին ուժերը փորձում են ապահովել, որ հավասարակշռություն լինի։ Բայց դա միշտ չէ, որ ստացվում է, ինչի պատճառով էլ դադարեցվում է խաղաղ համաձայնագրի, խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը»,- եզրափակել է քաղաքագետը։