Դադիվանք. Հայկականությունը փաստող արտասահմանյան գրականություն
08 Հունիսի 2023, 08:47
Դադիվանքի վաղեմության ու հայկականության մասին փաստում են վանքի պատերի վրա պահպանված արձանագրություններն ու վանքի տարածքում գտնվող հնագույն խաչքարերը: Վանքի կառուցման մասին պատմական տեղեկություններ ու վկայություններ կան արտասահմանյան տարբեր գրականության մեջ և մասնագիտական աշխատություններում:
ՀԱՍԿ Արցախի թեմից նշում են, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի օրհնությամբ և խմբագրությամբ հրատարակված Ուղղափառ հանրագիտարանում ներկայացված է Դադիվանքի կառուցման, անվան ծագումնաբանության, դարերի ընթացքում հարձակումների և ավերածությունների ենթարկված և կանգուն մնացած հայկական սրբավայրի մասին։
Աշխատության մեջ մանրամասն ներկայացված են վանական համալիրում գտնվող շինությունների մասին պատմական փաստերն ու նկարագրությունները։
2014 թվականին ճարտարապետ Արա Զարյանի և Իտալիայից ժամանած վերականգնող Քրիստին Լամուրեի համատեղ ջանքերով մեկնարկեց Դադիվանքի որմնանկարների վերականգնման գործընթացը, որը շարունակվեց մինչև 2017 թվականը։
Մասնագետները կատարված աշխատանքների մասին մանրամասն ներկայացրել են իրենց կողմից հեղինակած «1214 թվականին կառուցված Կաթողիկե եկեղեցու 1297 թվականի որմնանկարների պահպանական վերականգնում» գրքի մեջ։
Գիրքը սկսվում է Դադիվանքի պատմությամբ ու նկարագրությամբ, որին շարունակում են մասնագետների կողմից կատարված աշխատանքների արդյունքներն ու բացահայտումները։
Մասնագետների ծավալուն աշխատանքի արդյունքում վերջնականապես պարզ դարձավ Սուրբ Կաթողիկե եկեղեցու ներսի որմնանկարների պատմական տեսարաններն ու որմնանկարների հստակ տարեթիվը՝ 1297թ., որի մասին փաստում է եկեղեցու հարավային պատի պատուհանի անմիջապես ստորին հատվածում զետեղված երեք տողով հայերեն որմնագիր արձանագրությունը՝ ՉԽԶ (Չ=700; Խ=40; Զ=6 ուրեմն’ 746+551=1297)։
Մասնագետները մաքրել և վերականգնել են եկեղեցու հյուսիսային և հարավային պատերի որմնանկարները, որտեղ պատկերված են Սբ. Նիկողայոս Սքանչելագործի հայրապետական իշխանության ընծայման վարքագրական դրվագն ու Սբ. Ստեփանոս Նախավկայի քարկոծության տեսարանը։ Որմնանկարների վերականգնման արդյունքում ի հայտ եկան տեսարանները բնութագրող մի շարք հայատառ արձանագրություններ։