Դանիաբնակ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը մեծ սիրով և հետաքրքրությամբ է կատարում հայ կոմպոզիտորների գործերը

04 Մարտի 2024, 13:51

Մշակույթ

Մարտի 11-ին Պրահայի Ռուդոլֆինումի Դվորժակի դահլիճում  ելույթ կունենա դանիաբնակ հանրահայտ դաշնակահար Մարիաննա Շիրինյանը։ Տաղանդավոր հայ դաշնակահարուհին հանես կգա Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին` կատարելով նորվեգացի հայտնի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի դաշնամուրի 7 նվագախմբի համար կոնցերտը։ Դիրիժորական վահանակի մոտ կլինի էստոնացի անվանի դիրիժոր Օլարի Էլտսը: Համերգը նվիրվում է Չեխական ռադիոյի 100- ամյակին։

«Վերջին ութ տարիները լի են եղել համերգներով և ճանապարհորդություններով  աշխարհի տարբեր անկյուններում՝ Եվրոպայից մինչև Ասիա, հետաքրքիր նախագծերով, փառատոններով և իհարկե, շարունակել եմ դասավանդել: Նվագել եմ Եվրոպական և Ասիական տարբեր նվագախմբերի հետ, նշեմ մի քանիսը՝  Մյունխեն, Հելսինկի, Կոպենհագեն, Թայվան, Հիրոշիմա:

Ձայնագրել եմ 4 նոր ձայնասկավառակ, որոնք շատ դրական արձագանքի են արժանացել՝ շահելով մրցականներ, ևս 3 ձայնասկավառակ թողարկվելու են 2024-2025-ի տարեշրջանում:
Այս ընթացքում իմ երեխաները նույնպես ընտրեցին երաժշտության ճանապարհը և ունեն հաջողություններ, ինչն ինձ, իհարկե, շատ է ուրախացնում»,- «ՕՐԵՐ»-ին տված հարցազրույցում ասել է դաշնակահարուհին:

Մարիաննա Շիրինյանը նշել է, որ  մեծ սիրով և հետաքրքրությամբ նվագում է հայկական կոմպոզիտորների ստեղծագործությունները՝  ներկայացնելով իր հայրենիքը:

«Խաչատուրյանի դաշնամուրային կոնցերտը ծրագրված է հաջորդ համերգային տարեշրջանի համար»,- ասել է նա: