Դանիայում և Շվեդիայում բնակվող մի խումբ հայ կանայք, ի աջակցություն Արցախի, հացադուլ են հայտարարել

03 Օգոստոսի 2023, 12:45

Քաղաքականություն

Դանիայում և Շվեդիայում բնակվող մի խումբ հայ կանայք հացադուլ են հայտարարել՝ ի աջակցություն Արցախի:

«Մենք կանգնած ենք մի նոր ցեղասպանության շեմին ու ականատես ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները Արցախում այլևս բացարձակ սովի ու զրկանքների մատնված։ Դանիայում և Շվեդիայում բնակվող մի խումբ կանանցով որոշել ենք մեկօրյա հացադուլ հայտարարել` ի աջակցություն գոնե այն 30000 երեխաների, որոնք այսօր ենթարկվում են անհավատալի զրկանքների»,- գրել է դանիաբնակ քաղաքացի Լիլիթ Սահակյանը։

Հացադուլը սկսվելու է այսօր երեկոյան՝ ԵՄ ներկայացուցչության մոտ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թ. դեկտեմբերի 12-ից «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:

Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: