«ԴասԱ» կրթական ծրագրին այս տարի մասնակցել են Երևանի և մարզերի 7000 սովորողներ
25 Մայիսի 2023, 14:05
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 2018 թվականից իրականացվում է «ԴասԱ» կրթական ծրագիրը:
Ծրագրի նպատակն է պատանիներին հնարավորինս հաղորդակից դարձնել բարձրարժեք երաժշտարվեստին, ձևավորել խորքային պատկերացումներ դասական երաժշտության մասին։
2023 թ․ փետրվարից ծրագրի դասընթացները հաջողությամբ անցկացվել են Երևանի և մարզերի շուրջ երկու տասնյակ դպրոցներում` ապահովելով շուրջ 7000 սովորողների ակտիվ մասնակցություն:
Ծրագրի շրջանակում անցկացվում են բաց դասեր և արտադպրոցական հանդիպումներ ավագ դասարանների աշակերտների հետ: Հանդիպումներին հաջորդում են դպրոցականների այցելությունները համերգասրահ. դպրոցականները ներկա են գտնվում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներին։
Կազմակերպվում են նաև առցանց ինտերակտիվ խաղեր, մրցույթներ, տրվում են մրցանակներ, որոնք միջոց են աշակերտների ներգրավվածության բարձրացման և հետադարձ կապի ապահովման համար: