Dasa2 – կամուրջ՝ սփյուռքահայերի եւ հայաստանցի ուսուցիչների միջեւ
02 Դեկտեմբերի 2023, 14:10
Հայտնի ջազ երաժիշտ Տիգրան Սուչյանը եւ Արցախի ջազ նվագախումբը Dasa2 միջազգային կրթական հարթակի ուսուցիչների ամենամյա հանդիպման շրջանակում հանդես են եկել թեժ ծրագրով։ Արդեն ավանդական դարձած հանդիպումը հաղորդակցության եւ լավ երաժշտության տոն է դարձել։
News.am Style-ի փոխանցմամբ՝ Dasa2-ը հայկական սփյուռքի առաջատար առցանց կրթական հարթակն է: Dasa2-ի առաջնահերթ նպատակն է պահպանել հայերի կապը տան հետ, յուրօրինակ կամուրջ դառնալ սփյուռքահայերի եւ հայաստանցի ուսուցիչների միջեւ։ Սակայն այսօր հարթակի ուսանողների թվում ոչ միայն հայեր են, այլեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում բնակվող այլ ազգերի ներկայացուցիչներ։
Հարթակի ստեղծող եւ ղեկավար Սամվել Հովհաննիսյանը նշեց, որ ամեն ինչ սկսվել է, երբ որոշել է իր երեխաների համար Հայաստանից կրկնուսույցներ գտնել։ Նա ասաց, որ Հայաստանից մասնագետներ ներգրավելու որոշումը թելադրված է եղել անձնական փորձով՝ հայ ուսուցիչները շատ առումներով գերազանցում են ԱՄՆ-ի իրենց գործընկերներին։ Այնուհետեւ իր վարձած հայ ուսուցիչների համար նա սկսել է փնտրել այլ ուսանողների, եւ այդպիսով ծնվել է Dasa2 հարթակը։
Այսօր Dasa2-ը միավորում է մոտ 400 ուսուցիչների եւ հանդիսանում է ոչ միայն կրթական հարթակ, այլեւ նվիրված մարդկանց ինքնատիպ համայնք։ Հարթակը մի շարք առարկաների ուսուցման հնարավորություններ է տալիս: Այստեղ կարող եք գտնել ինչպես հայերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, պորտուգալերենի, իսպաներենի, կորեերենի, ռուսերենի, ճապոներենի, այնպես էլ շախմատի, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, պատմության, երաժշտական գործիքներ նվագելու դասընթացներ, ինչպես նաեւ՝ յոգայի ծրագրեր։
Լինելով կրթական հարթակ՝ Dasa2-ն անմասն չի մնում հայ ժողովրդի խնդիրներից՝ փորձելով իր հնարավորությունների սահմանում նպաստել դրանց լուծմանը։ Այսպես, արցախահայության բռնի տեղահանությունից հետո հարթակը հայտարարեց Արցախի ուսուցիչներին իր շարքեր ներգրավելու հատուկ ծրագրի մասին, իսկ այսօր նրանք արդեն դարձել են այս ընտանիքի անդամները։
Ամեն տարի հարթակի ստեղծող Սամվել Հովհաննիսյանը ԱՄՆ-ից գալիս է Հայաստան եւ հատուկ միջոցառմամբ պատվում հարթակում ներգրավված ուսուցիչներին՝ իրենց անմնացորդ աշխատանքի համար։