Դաշնակահար Լաուրա Գալստյանը հաղթել է «Làszlò Spezzaferri» միջազգային երաժշտական մրցույթում
29 Մայիսի 2023, 22:16
Լաուրա Գալստյանը արժանացել է պատվավոր 1-ին մրցանակի՝ ներկայացնելով Հայաստանը 5-րդ «Làszlò Spezzaferri» միջազգային երաժշտական մրցույթում։ Մրցույթը կրում է իտալացի հանրահայտ կոմպոզիտոր և երաժշտագետ Լասլո Սպեցաֆերիի անունը:
Այն տեղի էր ունենում Իտալիայի Վերոնա քաղաքում՝ Գրան Գվարդիա հոյակերտ պալատում։ Մրցույթն անց էր կացվում տարբեր կատեգորիաներով՝ մենակատարներ, կամերային երաժշտություն, նվագախմբեր և երգչախմբեր գրում է Panorama.am-ը:
Ժյուրիի կազմում էին նշանավոր երաժիշտներ՝ Պաոլո Բագլիերին (ժյուրիի նախագահ), Անդրեաս Ֆրյոլիխը, Ժուզեպե Դեվաստատոն, Յուլիաննա Քիսը և Միշել Մանյաբոսկոն:
Լաուրան ներկայանում էր 17-20 տարեկանների խմբում: Այդ տարիքային խմբում կար 35 մասնակից աշխարհի տարբեր ծայրերից՝ Իտալիայից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Բուլղարիայից, Էստոնիայից, Լիտվայից և այլ երկրներից, իսկ մրցույթի ընդհանուր մասնակիցների թիվը գերազանցում էր 150-ը:
Լաուրան իր ծրագրում ներառել էր երկու տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների՝ Սկարլատիի և Սկրյաբինի ստեղծագործությունները։
Ինչպես նշում է Լաուրան․
«Անչափ ուրախ և հպարտ էի, որ կարողացա ևս մեկ անգամ Հայաստանը պատվով ներկայացնել միջազգային հարթակներում։ Մեր հաղթանակները առավել քան կարևոր են այսօր»։
Լաուրան հանդիսանում է բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր։ Վերջերս արժանացել է «Պիետրո Արջենտոյի» անվան 24րդ երաժիշտ կատարողների մրցույթի 1-ին մրցանակին։ Նաև հանդիսանում է «Great Masters՝ Վլադիմիր Հորովից» դաշնակահարների միջազգային մրցույթի, Վիեննայի միջազգային արվեստների փառատոնի, «Մելոս» միջազգային մրցույթների հաղթող։
Նշենք, որ 19-ամյա Լաուրա Գալստյանը սովորում է Մանհայմի (Գերմանիա) երաժշտության և կատարողական արվեստների պետական համալսարանում՝ Վոլֆրամ Շմիթ-Լեոնարդիի դասարանում:
2024թ․ «Weltklassik am klavier” ընկերության կողմից կազմակերպվելու են մի շարք մենահամերգներ Գերմանիայի տարբեր քաղաքներում։