Դաշնակիցը կարող է օգնել միայն նրանց, ովքեր իրենց համար ինչ-որ բան են անում․ Նիկոլայ Սիլաև
13 Սեպտեմբերի 2023, 21:33
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի ներկայիս հարաբերությունները՝ վերջին փոխադարձ մեղադրանքների ֆոնին։
«Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանվում են, Հայաստանի հետ բարեկամությունը շարունակվում է, թեև Հայաստանի ղեկավարությունը թույլ է տալիս մի շարք քաղաքական սխալներ, որոնց մասին վկայում է նաև ՌԴ ԱԳՆ-ի՝ վերջերս հղած բողոքի նոտան։ Միանշանակ, Ռուսաստանը չի լինի Հայաստանի հետ հարաբերությունների խզման նախաձեռնողը, և Ռուսաստանը չի ձգտում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Սիլաևը։
Ինչ վերաբերում է իշխանամետ տելեգրամյան ալիքների տարածած տեղեկատվությանը, թե Ռուսաստանը Հայաստանում հեղաշրջում է նախապատրաստում «Վագներ»-ի զինյալների միջոցով, փորձագետն ասել է.
«Ինչ վերաբերում է Վագների մասին հարցին, սա ինչ-որ աղաղակող անհեթեթություն է, սա ուղղակի ինչ-որ հիմարություն է։ Եթե այսկերպ ուզում էին Ռուսաստանի համար ինչ-որ բան փչացնել, ապա միայն իրենց համար էին դա արեցին, որովհետեւ մարդը, որ իրեն թույլ է տալիս նման լուրեր հրապարակել, ընդունում է, մեղմ ասած, իր անկարողությունը։ Կարելի էր առավել հավանական որեւէ բան հորինել»։
Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանը գործընկերների հետ հարաբերություններում ելնում է առաջին հերթին սեփական շահերից, իսկ Հայաստանն, իր հերթին, չպետք է ձեռքերը ծալած նստի, այլ պետք է գործի։
«Պետք է խոստովանենք, որ հայ հասարակությունը որոշ պատճառներ ունի՝ հիասթափվելու Ռուսաստանի հետ դաշինքի արդյունավետությունից։ Մյուս կողմից, յուրաքանչյուր խելամիտ քաղաքական գործիչ և դիտորդ պետք է հասկանա այն իրավիճակը, որում հայտնվել է Ռուսաստանը՝ Ռուսաստանի համար հարաբերությունների կարևորությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, և հասկանա, որ ռուսական քաղաքական կուրսը որոշվում է առաջին հերթին ռուսական շահերով և Ռուսաստանի առջև ծառացած հնարավորություններով ու սպառնալիքներով։
Դաշնակիցը կարող է օգնել միայն նրանց, ովքեր ինչ-որ բան են անում իրենց համար: Սա ամենակարևոր սահմանափակումն է, որին բախվում է Ռուսաստանը Հարավային Կովկասում»,- ասել է Նիկոլայ Սիլաևը։
«Ակնհայտ է, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքական կապերը։ Թեեւ դրանք արդեն բավականին դիվերսիֆիկացված են։ Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքը միշտ եղել է բազմավեկտոր։ Այնուամենայնիվ, այս բազմավեկտոր մոտեցումը կարող է իրականացվել նոր ընկերներ գտնելու միջոցով, կամ այն կարող է իրականացվել հին ընկերներին վիրավորելով՝ այն հույսով, որ այդ վիրավորանքները կգրավեն նոր ընկերների: Հայաստանն այնպիսի գործողություններ է ձեռնարկում, որոնք ակնհայտորեն կնյարդայնացնեն Ռուսաստանին՝ ԱՄՆ-ին իր հավատարմությունը ցույց տալու համար։
Չեմ կարծում, որ դա ինչ-որ տրամաբանված արդյունքի կբերի, քանի որ և՛ Միացյալ Նահանգները, և՛ նրա եվրոպացի դաշնակիցները, նույնպես, գտնվում են ինչ-որ հնարավորությունների միջանցքում և, նույնպես, չեն ցանկանում ընդլայնել իրենց արտաքին քաղաքական պարտավորությունները։
Հենց եվրոպական բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանը համաձայնեց, որ Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Դա տեղի չի ունեցել Մոսկվայում, դա եղել է Բրյուսելում: Եվ, նման պայմաններու,մ ես հույս չէի ունենա, որ Արևմուտքն ավելի հայամետ կլինի, քան Ռուսաստանը»,- եզրափակել է Սիլաևը։