Կարապետյանը 60-ամյակը դիմավորել է ՔԿՀ-ում,ասացի՝ երբ կավարտվի այս ապօրինի կալանքը, գիտեք ինչ ասաց․ Վարդևանյան

11 Ապրիլի 2026, 20:12

Քաղաքականություն

Օրենքը պետք է ծառայի բոլորին, իսկ իրավունքը գերակայի բոլոր դեպքերում: Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարել է կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

«Խոսքս ուզում եմ սկսել Աստվածաշնչից մեջբերմամբ: Հիսուսի մոտ հավաքվածները մի առիթով իրեն հարց ուղղեցին. «Վարդապետ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը: Հիսուսն ասաց՝ պիտի սիրես Տիրոջը, քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով: Այս է ամենամեծ ու գլխավոր պատվիրանը: Երկրորդը նման է սրան. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ: Այս երկու պատվիրաններից է կախված ամբողջ օրենքը:

Շարունակելով Աստվածաշնչի այս խորհուրդը, կարելի է ասել, որ օրենքի արդարության և արդարադատության հենքը մարդասիրությունն է: Օրենքը պետք է ծառայի բոլորին, իսկ իրավունքը գերակայի բոլոր դեպքերում: Դատարանները պետք է լինեն անկախ ու անվախ: Դատաիրավական համակարգը պետք է պաշտպանի մարդուն, այլ ոչ թե պաշտպանի կոնկրետ իշխանություն: Այս պատվիրաններից բխող արժեհամակարգն է մեր հասարակության մեջ պառակտման վերացման բանաձևը, մարդասիրության վերադարձի բանաձևը»,- նշել է Վարդևանյանը։