Դատական համակարգի անկախությունը Հայաստանի հիմնական խնդիրներից է. ԵԽԽՎ համազեկուցող
27 Հունիսի 2024, 15:00
Դատական համակարգի անկախությունը Հայաստանի գլխավոր խնդիրներից է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Հայաստանի պարտավորությունների կատարման» զեկույցի համազեկուցող, ֆինն խորհրդարանական Կիմմո Կիլյունենը։
«Նախկինում էլ խնդիրներ եղել են, բայց այսօր մենք հատկապես կենտրոնացած ենք այդ խնդիրների վրա։ Իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է ավելի հասուն ժողովրդավարություն, որպեսզի և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանության մոտ լինի ըմբռնում, թե ինչ է նշանակում դատական համակարգի անկախություն։ Այս հարցերը մտահոգիչ են, և մենք դրանք արտացոլել ենք Հայաստանի վերաբերյալ զեկույցում։
Սակայն որոշակի առաջընթաց կա մի երկրում, որտեղ շատ նուրբ իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած լայնածավալ աղետի արդյունքում։ 120 հազար հայ տեղահանվեց, Ռուսաստանի ներգրավումը իրադարձությունների զարգացման մեջ էական էր, և ինձ թվում է, որ դա ոչ միայն ձեռնտու չէր, այլև Ռուսաստանը նպաստեց իրավիճակի ապակայունացմանը՝ իր նպատակների համար։ Եվ սրանք նույնպես գործոններ են, որոնք պետք է հաշվի առնել՝ հայ ժողովրդի մեծ հիասթափությունը Ռուսաստանից և պաշտպանություն ապահովելու նրա դերը, քանի որ նրանք պետք է պաշտպանեին ժողովրդին Լեռնային Ղարաբաղում։ Նրանք դա պատշաճ չեն արել», — ասել է ֆինն պատգամավորը։
Պատասխանելով այն դիտարկմանը, թե արդյոք նա չի կարծում, որ ՀՀ վարչապետի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում չի նպաստել խաղաղապահ դերի լիարժեք կատարմանը, նա նշել է, որ «դա եղել է հետո»:
Հակառակ դիտարկմանը, որ «դա առաջ էր», Կիլյունենն ասել է․
«Լավ, հարցն այն է, թե ինչպես է դա տեղի ունեցել: Ես չգիտեմ, բայց Փաշինյանի դիրքորոշումն այն էր, որ եղել են ռազմական գործողություններ, որոնք սպառնում էին ավելի մեծ տարածքների կորստով»։
Խոսելով հնարավոր նոր էսկալացիայի մասին՝ նա նշել է, որ դա շատ վտանգավոր իրավիճակ է։ Բացի այդ, պատգամավորը հույս է հայտնել, որ ադրբեջանական պատվիրակությունը կվերադառնա ԵԽԽՎ:
«Պատվիրակության վերադարձը կարևոր է՝ պայմանով, որ հարգվեն այդ կազմակերպության սկզբունքները։ Ես չեմ ասում, որ նրանք պետք է վերադառնան անշուշտ, նրանց վերադարձը պայմանավորված է կազմակերպության սկզբունքների պահպանմամբ։ Նրանք պետք է լուծեն իրենց խնդիրները, պետք է վերադառնան, ես կողմ եմ ներգրավման մեթոդին, այլապես Թուրքիային էլ պետք է բացառել, մեկ ուրիշին էլ», — նշել է նա։
Խոսելով այն մասին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը վերադարձի նախապայման է, նա ընդգծել է, որ այդ մասին խոսելը վաղաժամ է, բայց հիմնական պահանջները կազմակերպության սկզբունքների հարգումն է: Դա իրավակարգի հարգանքն է, քաղբանտարկյալներին այցելելու հնարավորությունը։
«Ադրբեջանցի պատվիրակների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ես հարց եմ տալիս, թե արդյոք նրանք կարող են երաշխավորել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Մեր պատմության մեջ նման իրավիճակ է եղել, և հավանաբար քանի որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, հայերը չեն ցանկանա վերադառնալ այնտեղ, բայց նման իրավունքը պետք է բացարձակ լինի։ Դա շատ կարևոր հարց է, և խաղաղության համաձայնագրում պետք է ամրագրվի վերադարձի իրավունքը», — նշել է Կիլյունենը։